Մատչելիության հղումներ

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում. Փաշինյանը՝ Պուտինին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ այսօր անցկացվել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստը:

Հայաստանի վարչապետն իր խոսքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների առաքելությանը՝ նշել է. «Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»:

Ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է, Նիկոլ Փաշինյանը կարևորել է «այս բարդ ժամանակներում մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը»:

«Մեր երկրների առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը նույնպես ավանդական բնույթ են կրում: Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգվել են, այլ նաև որոշակի նոր դրական զարգացումներ կան, որոնց մասին մենք խոսեցինք ֆորումի ժամանակ», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ռուսաստանի նախագահն ընդգծելով, որ մշտական կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, նշել է, որ ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը՝ ընդգծելով՝ «մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով»:

«Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել:

Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առևտրաշրջանառությունը վերջին շրջանում, մոտավորապես, 25-30 տոկոսով աճել է: Մենք, իրոք, նկատում ենք Հայաստանում տնտեսական կայունացումը: Ձեր կառավարության կողմից շատ բան է արվել այդ ուղղությամբ», - ասել է ՌԴ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG