Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը հայկական կողմը «չի առարկել ԵԱՏՄ գործընկեր-պետությունների խնդրանքով»


Օգոստոսի 26-ին Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի` ընդլայնված կազմով նիստին հյուրի կարգավիճակում Ադրբեջանի վարչապետի մասնակցությանը հայկական կողմը չի առարկել ԵԱՏՄ գործընկեր-պետությունների խնդրանքով, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են վարչապետի աշխատակազմից:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի` ընդլայնված կազմով նիստին հրավիրյալի կարգավիճակով երրորդ պետությունների մասնակցությունը համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ` «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման» մասին կարգի համապատասխան», - հավելել են կառավարությունից:

Ադրբեջանն առաջին անգամ էր մասնակցում ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին։ Այդ նիստին Ադրբեջանից բացի, հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Ուզբեկստանը։

Հայաստանի կառավարությունը նաև հայտնում է, որ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չի ներկայացվել:

«Նման հայտի առկայության պարագայում հայկական կողմն այն կքննարկի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի Պայմանագրի 109-րդ հոդվածով և «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան», - ասված է գրավոր պատասխանի մեջ:

Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստերին քննարկվում էր դեռ անցած տարվա ապրիլին: Այն ժամանակ, սակայն, Հայաստանը ընդդիմացել էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, թե Երևանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։

Ալի Ասադովն այդ նիստին մասնակցելու հնարավորության համար հատուկ շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի և Բելառուսի վարչապետերին։

Միությանը անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։

Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան, Ուզբեկստանը։

XS
SM
MD
LG