Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Լրատվամիջոցի տվյալներով` նրանք գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում, նրանց անունները չեն հաղորդվում։
«Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությանը դատարանից միայն հայտնել են, որ այսօր ազատ արձակված չորս ռազմագերիները 2021 թվականի նոյեմբերին դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման։
«Թուրանը» նշում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «այդ անձինք մոտ ժամանակներս կհանձնվեն» Հայաստանի իշխանություններին:
Այլ մանրամասներ հայտնի չեն. ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ էլ Բաքուն այս տեղեկությունն առայժմ չեն հաստատում։
Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին սրա մասին ճշտված տեղեկություն չունեն: