Մատչելիության հղումներ

Մեծ Պարնիի նախկին գյուղապետը հեռացել է գյուղից՝ հետը տանելով նաև համայնքի թանկարժեք տեխնիկան


Մեծ Պարնիի նախկին գյուղապետ Գագիկ Պալյան
Մեծ Պարնիի նախկին գյուղապետ Գագիկ Պալյան

Լոռու մարզի Մեծ Պարնիի նախկին գյուղապետն անցած տարեվերջին՝ պաշտոնը կորցնելուց հետո, հեռացել է գյուղից։ Մենակ չի գնացել․ հետը նաև միջազգային դոնորների, համայնքի ու պետության միջոցներով գնված թանկարժեք տեխնիկան է տարել ու փակել նրանց տված փողով կառուցված արտադրամասի դռները։

Համայնքի նոր ղեկավարներից ոչ ոք տեղեկություն չունի՝ ինչու է նախկին գյուղապետը միանձնյա որոշել գյուղից տանել բրիկետների՝ 250 հազար դոլարանանոց արտադրամասի հաստոցն ու սարքավորումները։

Գյուղացիներից ոմանք ասում էին՝ նրա սեփականությունն էր՝ տարել է Արմավիր՝ սեփական բիզնեսն այնտեղ շարունակելու։ «Գյուղում մի մարդ էր աշխատում, գյուղապետին ձեռ չտվեց ստեղ մնալը, ուզեց իրա էղածը տարավ, սեփական ապրանք ա», - ասաց գյուղացիներից մեկը։

Ուրիշները հակադարձում էին․ - «Ո՞վ կար ասի, որ իր սեփականությունն է եղել, առձեռն փողը տվել առե՞լ է»։

Արտադրամասը չորս տարի առաջ է կառուցվել՝ գյուղատնտեսական թափոնները վերամշակելու և խտացված վառելիք ստանալու ծրագրով։ Գյուղապետարանի փաստաթղթղերում հստակ երևում է՝ մոտ 100 միլիոն դրամ ստացել են ՄԱԿ-ից ու Գյուղի զարգացման ԱՐԴԻ ծրագրից, 12 միլիոն էլ՝ տեղական ու պետական միջոցներից են ծախսել։

Այդ տարիներին գյուղապետ Գագիկ Պալյանը սա որպես նորարարություն և համայնքի առաջընթացի լավ հեռանկար էր ներկայացնում։ Թե ինչու է այդ հեռանկարը մարել, գյուղացիներին ոչ ոք չի ասում։ Խոսել չեն ուզում նաև Գագիկ Պալյանի գործընկերները։

Հրայր Յաղուբյանը նրա տեղակալն էր, մասնակցել է բրիկետի արտադրություն հիմնելու ամբողջ գործընթացին, բայց այսօր հրաժարվում է խոսել այդ մասին։ Ասում է՝ ժողովներ չեն արել, տեղյակ չէ՝ երբ և ինչպես է թանկարժեք սարքավորումները գյուղից հանել։

Հրայր Յաղուբյան
Հրայր Յաղուբյան

«Կուրսի չեմ, չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն մեկն իրա գործին, էդ մասին ինձ մի հարցրեք, չեմ կարող ասել ոչինչ», - «Ազատությանն» ասաց Յաղուբյանը։

Արտադրամասը հիմնելու հետ նվիրատուների նախաձեռնությամբ հիմադրամ էր ստեղծվել, որ հետևեն աշխատանքին։ Դրա անդամներից Գևորգ Պետրոսյանը, որ նաև ՄԱԿ-ի ծրագրերի փորձագետ էր, ասում է՝ հաշվետվություն այդպես էլ չեն ստացել, ու մինչև հիմա տեղեկություն չունեն ոչ սարքավորումներից, ոչ էլ արտադրամասի տնօրեն, նախկին գյուղապետ Գագիկ Պալյանից։ Վերջին անգամ նրանից միայն անցած տարի է խոստումներ լսել։

«Ասում էինք՝ «գոնե բեր, պայմանագիրը ցույց տուր», ասում էր՝ «կանեմ, ցույց կտամ» ու մինչև էսօր էլ ոչինչ ցույց չի տվել և չգիտենք, թե դրանից ի վերջո ինչքան օգուտ եկավ հիմնադրամին, որովհետև դրա նպատակն էն էր, որ հիմադրամը պիտի գումար աշխատեր, իր աշխատած գումարով համայնքի զարգացման նոր նախաձեռնություններ պիտի իրականացներ», - ասաց Պետրոսյանը։

2 հազար 200 բնակիչ ունեցող գյուղի նոր վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանը, որ նույնպես դիտարկող հիմնադրամի անդամ է, ասում է՝ կիսաբերան տեղեկություններ է լսել, թե Պարնիում բրիկետի հումքը՝ ծղոտը, չի բավարարում, ստիպված Արմավիր՝ հումքին մոտիկ են տարել թանկարժեք տեխնիկան։

Մինչդեռ ՄԱԿ-ի ծրագրերի փորձագետն ասում է՝ ծրագիրն սկսելիս մանրակրկիտ ուսումնասիրել են, հաշվարկել տեղում եղած հումքի պաշարներն ու նոր միայն ծղոտից խտացված վառելիք ստանալու արտադրամաս հիմնել։ Ներդրողները նաև տրակտորներ են հատկացրել գյուղին՝ ցանքատարածություններն ու ծղոտի քանակն ավելացնելու համար։ Բայց արի ու տես, Պալյանը որոշել է Մեծ Պարնիի նվեր-տեխնիկան հումքի հետևից Արմավիր տեղափոխել։

Պարնեցի Նորայր Մարգարյանն էլ մեկ տարի աշխատել է արտադրամասում։ Ասում է՝ Մեծ Պարնիում և Արմավիրում հումքի էական տարբերություն չի զգացել։

Մեծ Պարնի, արխիվ
Մեծ Պարնի, արխիվ

Հիմնադրամի անդամները չունեն հարցերի պատասխանները՝ ինչո՞ւ խոշոր ներդրումներ ստացած կառույցը չի կատարել իր առջև դրված պարտավորությունները, ինչպես է որոշվել, որ գյուղապետ Գագիկ Պալյանը միաժամանակ պետք է տնօրինի հիմնադրամն ու դրա հաշվեկշռում եղած գույքը՝ միանձնյա՝ առանց գործընկերներին հաշիվ տալու։

Ձայն-գյուղացիք կանգնեցին, թե մենք մեր գյուղի բյուջեն վստահել ենք իրեն, հիմա մի փոքր հիմնադրամն ինչ է, որ չվստահենք...

Մեծ Պարնի, 2020թ․
Մեծ Պարնի, 2020թ․

Սպիտակ համայնքի նորընտիր ղեկավարները Մեծ Պարնիից անհետացած հաստոցին չեն անդրադառնում։ Քանի որ համայնքի հաշվեկշռում չի եղել, անելիք չունենք, «Ազատությանն» ասաց փոխհամայնքապետը։

Իրավապահներն էլ նման ահազանգ դեռևս չեն ստացել։ Միայն անցած տարի Պետեկամուտների կոմիտեն վարչական տույժի է ենթարկել հիմնադրամի տնօրեն, նախկին գյուղապետ Գագիկ Պալյանին՝ նախորդ տարվա հաշվետվությունը չհրապարակելու համար։

XS
SM
MD
LG