Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ավելի քան 350 հազար դոլար ներդրումների հաշվին առաջին անգամ հնդկաձավար մշակած գյուղատնտեսները հուսախաբ են եղել։
Անցած տարի բարեգործների հորդորներով Լոռիի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի գյուղացիները 500 հա հողատարածքներում ցորենի ու կարտոֆիլի փոխարեն հնդկաձավար են ցանել, բարձր բերք ստացել, սակայն մինչև այսօր չվերամշակված հնդկաձավարի հիմնական մասը փչանում է ամբարներում ու ավտոտնակներում։
«Ռուսաստանում մեր նման բերք չեն ստանում։ Ընդեղ միջինը մի տոն, մենք 2 տոն ու ավել ստացել ենք հեկտարից։ Բայց դե վերևներին ձեռ ա տալի դրսից բերեն, խաբար չեմ ինչ ա», - ասում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Մուշեղ Գասոյանը:
Հնդկաձավարի մշակման ծրագրի շուրջ ստեղծված կոոպերատիվի անդամ Գասոյանը դեռ անցած տարվանից մնացած 4 տոննա հնդկաձավարը շուկա հանելու հույս այլևս չունի․ - «Մի երկու ամիս էլ մնա, արդեն լրիվ թափելու կըլնի, անասունն էլ չի ուտի։ Էս մկներն աղացել են, փչացրել։ Չգիտեմ՝ ինչ ա ըլելու սրա ճակատագիրը սրա»։
Միջազգային և բարեգործական կազմակերպությունների ներդրումներով անցած տարի վերամշակման 2 գործարան էր կառուցվել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բավրա գյուղում, և Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղում։ Բայց անգամ գործին քաջատեղյակ ուկրաինացիները չեն կարողացել Հայաստանում արտադրված հնդկաձավարի վերամշակման տեխնոլոգիան նորակառույց գործարաններում գլուխ բերել։ Անցած տարեվերջից պատրաստ գործարաններից ոչ մեկը դեռ արտադրանք չեն տվել։
«Ասացին, որ պատրաստ ա արդեն, էն վերջի շտրիխներն ա մնացել։ Արդեն նույնիսկ արտադրած կար։ Բայց դե էդ իմ ասածը 2-3 ամիս առաջ էր, ու հլա չկա ու չկա։ Ամեն օր զանգում ենք՝ էսօր էգուց, էսօր էգուց: Չեն կարում մարդիկ աշխատացնեն»։
Մեծ Պարնիի գյուղապետի տեղակալ Հրայր Յաղուբյանը ևս տոննաներով հնդկաձավար է հավաքել։ Ասում է՝ գյուղում անցած տարի 20, իսկ այս տարի արդեն 40 հեկտար հնդկաձավար են ցանել։ Եթե անցած տարի ներդրող կազմակերպություններն անվճար սերմացու և պարարտանյութ էին տվել, ապա այս տարվա ծախսերը գյուղացու ուսերին էին․ - «Մենք ահագին ծախսեր ենք արել, սակայն այսօր կանգնել ենք կոտրած տաշտակի առջև։ Գործարանը փաստորեն, ինչ ասեմ, խաբել բառը չգիտեմ ոնց օգտագործեմ, սակայն հուսախաբ ենք եղել մենք։ Էդ էն գործաչանը չի, որ խոստացել են մեզ բերելու»։
Ծովագյուղի գործարանը, որն անցած տարեվերջին վարչապետի մասնակցությամբ հանդիսավոր բացել են, այսօր չի աշխատում։ Գյուղապետ Վահրամ Գևորգյանը, որ նույնպես հնդկաձավար է աճեցրել ու սպասում է գործարանի գործարկմանը, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ գյուղում անցած տարվանից չմշակված 40 տոննա հնդկաձավար կա։ Հանդիսավոր բացումից հետո, փորձարկումից բացի, գործարանի վառարաններն այդպես էլ չեն տաքացվել։
Գյուղապետի պնդմամբ՝ եկել են եզրակացության, որ հնդկաձավարի կեղևն այրելու միջոցով բարձր ջերմային մշակում ապահովելու նախատեսված տեխնոլոգիան իրեն չի արդարացնում։ Այժմ ութ միլիոն դրամ են փնտրում հարյուր հազարավոր դոլարի ներդրումների հաշվին կառուցված գործարան բնական գազ հասցնելու համար։
Երկրորդ գործարանը կառուցվել է չգազաֆիկացված Բավրայում․ - «Ի՞նչ է դուրս գալիս. Մեզ ասել են 800 կգ-ից մի տոննա մշակող ա ժամում, սակայն էսօր 150-200 կգ մի ժամում որ անի, մենք փառք կտանք Աստծուն։ Իսկ էդ տեմպերով եթե մշակվի, նույնիսկ շուրջօրյա աշխատանքի դեպքում չի հասցնի մեր արտադրանքը մշակի»։
Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանին Լոռու և Շիրակի մարզերի գյուղատնտեսներն ընտրել են որպես Բավրայի գործարանի պատասխանատու։ Նա ինքն էլ հնդկաձավար է աճեցրել ու սպասում է գործարանի լրարժեք գործարկմանը։ Բայց նա համաձայն չէ պարնեցի գյուղատնտեսների հետ։ Ասում է՝ մինչև հիմա գործարանի պարապուրդը կապված է եղել տեխնոլոգիական դժվարություններից։ Այժմ փնտրել ու գտել են բարձր լեռնային շրջաններում աճեցված հնդկաձավարի վերամշակման ձևերը․ - «30 հազար տարվա ազգ ենք, 30 հազար տարի էս տեխնոլոգիան չենք կիրառել, հիմա բերել են, հասել է, եղել է, տեսել են։ Հմի մի 3 օր, 30 օր չե՞ն կարում համբերել։ Նախանցած տարի իրենք հնդկացորենագործ չէին։ Էս տարի նաև վերամշակողներ են, նաև գործարան ունեն։ Էդպես չէ էլի. տեխնոլոգիական պրոցես է»։
Երկու օրից գործարանի հանդիսավոր բացմանը պատրաստվող Սումբուլյանն այսօր գործարկել էր 12 վառարաններից միայն 4-ը, դարձյալ փորձնական։ Բայց վստահ է, թե գտել են բոլոր խնդիրների պատասխանն ու բացումից հետո լիարժեք աշխատելու են: Այդուհանդերձ դժվարանում է ասել, թե նախատեսված հզորության քանի տոկոսի չափով․ - «Գործարանի հզորությունը, ըստ տեխնիկական պայմանների, ժամում մեկ տոննա է, բայց մենք միայն գործարանի տեխնոլոգիաներին տիրապետելուց հետո նոր կարող ենք ասել իրականում ինչքան է հզորությունը։ Փաստացին այլ է, տեխնիկական հնարավորությունը՝ այլ»։
Մինչդեռ Մեծ Պարնիի գյուղապետի տեղակալը թերահավատ է, թե նորակառույց գործարանն ի վիճակի է վերամշակելու Հայաստանում արտադրվող մոտ հազար տոննա հնդկաձավարը․ - «Ես համոզված եմ, որ այդ գործարանն արտադրական էն հզորությունը չունի, ինչ-որ ներկայացրել են մեզ։ Հետևանքների մասին ես չեմ կարող եզրակացություն անել, դա թողնում եմ պատկան մարմիններին»։
Պաշտոնական տվյալներով, ամեն տարի Հայաստան է ներմուծվում 8000 տոննա հնդկաձավար։ Ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, որ շուկայի մոտ 30 տոկոսը կապահովեն տեղական արտադրողները: Ընդ որում՝ ավելի որակյալ արտադրանքով, մրցակցելով հնդկաձավար ներկրող հայտնի ընկերությունների ու անհատների հետ․ - «Գրանդ քենդին» է ներկրում, «Մառանիկն» է ներկրում, դրանով զբաղվում է նաև Սամվել Ալեքսանյանը երևի»։