Մատչելիության հղումներ

Մեծ Պարնիում մարդիկ ամենահրատապ խնդիրների թվում նշում են կաթի մթերման ցածր գինը, «Ոնց որ գեղըցին ձրի աշխատի»


«Խոտը խոտ չէ, հազիվ կհերիքի»,- դժգոհում են Մեծ Պարնիի բնակիչները
«Խոտը խոտ չէ, հազիվ կհերիքի»,- դժգոհում են Մեծ Պարնիի բնակիչները

Լոռու մարզի ամենամեծ գյուղերից մեկի՝ Մեծ Պարնիի 82-ամյա բնակիչ Մկրտիչ Մկրտչյանը մատների վրա հաշվում, գումարում-հանում է և համայնքում մնացածների մասին իր եզրակացությունն անում. «20-30 տոկոսը լավ են, են մնացածից մինը միջակ՝ մինն էլ մի քիչ ավելի վատ»։

Մկրտիչ Մկրտչյանի խոսքով՝ հիմնական պատճառը, որ գյուղում լավ ապրողները քիչ են, կաթի մթերման չափազանց ցածր գինն է։ Տարիներ շարունակ մեծ դժվարություններով, «թանկ աշխատանքով» արտադրած կաթի ամենաբարձր գինն ընդամենը 110 դրամ է [1 լիտրի դիմաց], որը վերջնական սպառողին կրկնակի բարձր գնով է հասնում։

Մերուժան Գասոյանի կովերն օրական 7 լիտր կաթ են տալիս, 100 դրամով կաթ է հանձնում միջնորդներին, դրա դիմաց ստանալով 700 դրամ։ «Լավ ա, վատ ա, էդ ա, կոպիտ ասած՝ ոնց որ գեղըցին ձրի աշխատի էլի։ Ո՛չ կարտոֆիլը գին ունի, ո՛չ գարին գին ունի, ո՛չ ցորենը, ոչ մի բան»,- ասում է Գասոյանը։

Մեծ Պարնիի բնակիչները պատմում են, որ այս տարի գյուղացու ծախսերն ավելացել են։ Եղանակային պայմանների պատճառով «խոտը խոտ չէ, կովերին հազիվ կհերիքի»։ Նախկինում իրենց խոտհարքներով բավարարված գյուղացիներն այս տարի ստիպված կլինեն ուրիշներից էլ խոտ գնել՝ անասունին մինչև հաջորդ գարուն «հասցնելու համար»։

«Տարին լավը չի, խոտ չկա, շատ թանկ ա էս տարի խոտը, անասուն ենք պահում, հնարավոր ա՝ աշունը ծախենք և ճգնաժամի մեջ ընկնենք», «Գյուղատնտեսությունը լատարեյի պես բան ա։ Տարի կլնինի՝ լավ կլինի, տարի կլինի՝ լավ չի լինի։ Օրինակ՝ 1000 դրամ խոտն ա ներկա դրությամբ, 100 դրամ՝ կաթն ա։ Մի կովից ես ինչքա՞ն կաթ կթեմ, որ էդ կովի համար կեր առնեմ, իրան պահեմ», «Էս տարի էլ ցորենը շատ քիչ ա, դաշտերը դատարկ ա ցրտի պատճառով։ Պրոբլեմները շատ-շատ ա գյուղացու»,- դժգոհում են պարնեցիները։

Երեք տարի առաջ Մեծ Պարնիում գյուղացիական կոոպերատիվ է հիմնվել։ Գյուղի 150 ընտանիքներ միավորվել են՝ փորձելով լուծել գյուղացու ամենամեծ խնդիրը՝ կաթի մթերման գինը փոքր-ինչ կանոնավորել, որպեսզի ոչ թե շրջիկ կաթ հավաքողները, այլ գյուղացին այն որոշի։ Կոոպերատիվի նախագահ Գոռ Աշուղաթոյանն ասում է. «Կոնկրետ մեր տարածաշրջանում կաթի իրացման խնդիր չկա։ Գյուղացին դժգոհ ա միայն կաթի գնից։ Կաթի գինը մենք չենք թելադրողը, կաթի գինը շուկան ա թելադրում։ Եթե սպառումը շատ ա, կաթի գինը բարձր ա, սպառումը քիչ ա, ցածր ա»։

Մեծ Պարնիում միջազգային բարեգործական երեք կազմակերպությունների և համայնքի միջոցներից 20 միլիոն դրամ է ծախսվել, հիմնադրվել է կաթի հավաքման արտադրամաս: Նորակառույց շենքում ժամանակակից, 800 լիտր տարողությամբ սառնարան է տեղադրվել։ Մի քանի օր առաջ են գործարկել արտադրամասը։ Գյուղացիական կոոպերատիվի նախագահն ասում է՝ հավաքելու են նախ իրենց 150 անդամների արտադրանքը, հետո մյուս ցանկացողներինը։

Առաջիկայում, եթե սառնարանի տարողությունը բավականացնի՝ հարևան գյուղի բնակիչներից էլ կաթ կընդունեն։ Կոոպերատիվի նախագահը պնդում է, որ կաթի գինն առնվազն 20 դրամով բարձրացրել են․ «3,6 յուղայնությամբ կաթը մեր մոտ արժե 130 դրամ։ Եթե մարդն ունի 3,8 յուղայնության, էդ մարդու կաթը կարժենա 140 դրամ, կունենա՝ 4, էդ մարդու կաթը, ենթադրենք, կարժենա 180 դրամ»։ Կաթի հավաքման արտադրամասում տեղադրել են նաև յուղայնությունը չափող սարք՝ կեղծումներից խուսափելու համար։ «Հիմա էն նախկին հարամությունները ստեղ էլ չի անցնում։ Ջուր կխառնեն, չգիտես՝ ինչ կխառնեն, նման բաներ չկան»։

Գյուղում լսել են նորաբաց արտադրամասի մասին, բայց դառը փորձ ունեցող գյուղացիներից շատերը դեռ լավատես չեն․ «Դե չենք հավատում, նրա համար, որ ինչ հիշում ենք, ինչ հանձնել ենք՝ 80-100 դրամ, դրանից ավել կաթ չի եղել»: Պարնեցիներից շատերն էլ հարկադրված «հեռուներում են լավ օր փնտրում»։

«Բա մնան՝ ի՞նչ անեն, եթե չի կարում երկու կովի կեր ստեղծի մարդը», «Տանը ջահելներ չկան, գնացել են Ռուսաստան։ Մնում եմ ես ու էս պառավս»։ «Սենց էլ ապրում ենք, վերադաս մարմիններին էս ամեն ինչը տեղ հասցրեք, որ մենք էլ ենք մարդ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG