Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն «սահմանված կարգով պատասխանել է» ՌԴ դեսպանության նոտային


Հայաստանի արտգործնախարարությունը «սահմանված կարգով պատասխանել է» Ռուսաստանի դեսպանության նոտային, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։

Հունանյանը նաև ասաց, որ «նորտայի բովանդակությունը ներքին գրագրության մաս է և ճիշտ չեն համարում դրա հրապարակումը»։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 17-ին նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հայտարարելով, որ վրդովված է «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում հասցեագրված ռուսաստանյան կառույցներին»:

Ռուսաստանի դեսպանությունը նաև իշխանություններին էր դիմել՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ «նման ոչ բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր կլինեն, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ»:

Հրապարակային մեկնաբանություններ «Սուրմալուի» պայթյունին ռուսաստանյան կառույցների առնչության մեղադրաքների վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարությունը նոտայից մեկ շաբաթ անց ևս չարեց, սակայն, ըստ խոսնակի, այս թեմայի շուրջ չկա լարվածություն հայ-ռուսական հարբերություններում։

«Համաձայն չենք նման գնահատականի հետ, որ լարվածություն է եղել հայ-ռուսական հարբերություններում», - ասաց Հունանյանը։

XS
SM
MD
LG