Մատչելիության հղումներ

ՀՀ իշխանությունն իրավասություն չունի միջամտել որևէ պետության վերաբերյալ մարդկանց տեսակետներին. Լևոն Բարսեղյանը` հղած նոտայի մասին


Մոսկվան կրկին հայտարարում է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից

Պաշտոնական Մոսկվան այսօր կրկին հայտարարել է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի դեսպանատան երեկվա հայտարարությունից ու նոտայից հետո այսօր էլ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։

«Այսօր տեղի է ունեցել շատ կառուցողական զրույց Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հայաստանի արտգործնախարարության ղեկավարության միջև։ Սպասում ենք պատասխանի», - հայտարարել է նա։

Հայկական կողմն այս զրույցի մասին պաշտոնապես չի հաղորդել։

Ռուսաստանի դեսպանատունը երեկ հղած նոտայում հայտնել էր, թե ակնկալում են Հայաստանի իշխանություններից «ոչ բարեկամական դրսևորումների, մասնավորապես «Սուրմալուի» պայթյունի շուրջ որոշ քաղաքական ուժերի՝ հակառուսական շահարկումների կանխարգելմանն ուղղված քայլեր, ներառյալ` անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ»:

Պաշտոնական Երևանը երկրորդ օրն է՝ չի արձագանքում: Այսօր Արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ պատասխան կլինի՝ չհստակեցնելով երբ. «Հիշատակված նոտան մենք ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք», - ասաց նա:

Ռուսաստանի դեսպանությունը դիվանագիտական նոտայի մեջ չէր հստակեցրել, թե կոնկրետ որ ուժերն են հակառուսական տրամադրություններ տարածում, բայց ընդգծել էր, որ ակնկալում է պաշտոնական արձագանք Երևանից։

Կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, ինչ են սպասում Հայաստանի իշխանություններից Մոսկվայում. իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները այսօր հրաժարվեցին անդրադառնալ այս թեմային։

«Սա այս իշխանության ապիկար արտաքին քաղաքականության արդյունքն է»

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն առաջարկեց հարցն ուղղել ռուսական կողմին։

«Ես չեմ կարող մեկնաբանել նաև, թե որն է եղել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դրդապատճառները, դրա մասին պետք է իրենցից հարցնեք, համենայն դեպս այս իրավիճակում և ստեղծված արձանագրման միակ մեղավորը ես համարում եմ իշխանություններին, նույնիսկ ոչ հայտարարություն տարածողներին», - ասաց նա:

Ընդդիմադիր Մամիջանյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները հասցրել են մի վիճակի, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպված է դիվանագիտական նոտաներով խոսել Երևանի հետ։

«Որևէ այլ տրամաբանություն սրա մեջ չի կարող լինել, սա այս իշխանության ապիկար արտաքին քաղաքականության արդյունքն է` առաջին: Երկրորդ` սա նաև այս իշխանությունների Բրյուսելում Մոսկվայից բողոքելու, Մոսկվայում Բրյուսելից բողոքելու չարաբեր, իսկ որոշ պարագայում` աղետաբեր քաղաքականության արդյունքն է: Այն մակարդակի են հասցրել հայ-ռուսական հարաբերությունները, որ նմանօրինակ դիպվածներ են տեղի ունենում», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Չի բացառվում, որ այս նոտայով ռուսական կողմը փորձում է բացահայտել տարաձայնությունները Հայաստանի հետ. Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով` մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն անհնարին մի բան է ակնկալում Երևանից, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ իշխանությունները չեն կարող վերահսկել, թե մարդիկ ինչ տեսակետներ են հայտնում այս կամ այն պետության մասին սոցիալական ցանցերում։

«Կա Հայաստանի գործող օրենսդրություն, և դժգոհները կարող են բացել, կարդալ այդ օրենսդրությունը և առաջնորդվել դրանով` վիրավորանք, զրպարտություն, ազգամիջյան թշնամանք և այլն: Որևէ այնպիսի բան չեն խոսել, հայտարարել, ինչ իրենք ակնարկում եմ, և եթե նույնիսկ այդպիսի բաներ հայտարարած լինեին կամ խոսացած լինեին, Հայաստանի իշխանությունը միջամտելու ոչ մի իրավասություն չունի: Թե հատուկենտ մարդիկ, տնային տնտեսուհիներ, նարդի խաղացողներն ինչ-որ բան են գրել Ֆեյսբուքում, չգիտեմ որտեղից` Սփյուռքից, թե Հայաստանից, դա Հայաստանի իշխանությունների քննելիքը չէ»:

«Ասպարեզ» ակումբի ղեկավարը չի բացառում, որ այս նոտայով ռուսական կողմը փորձում է բացահայտել տարաձայնությունները Հայաստանի հետ։

XS
SM
MD
LG