Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետարան ներխուժածի հարազատները պնդում են՝ իրենց որդին խնդիրներ ուներ քաղաքապետի հետ, չեն հավատում ինքնասպանության վարկածին


Ուրբաթ երեկոյան Մասիսի քաղաքապետարան նռնակով ու ատրճանակով ներխուժած, ապա, ըստ ոստիկանության, ինքնասպան եղած Էդվարդ Մարգարյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ իրենց որդուն սպանել են․ անհեթեթ են համարում ահաբեկչության հոդվածը։

«Երեք անգամ ես իմ տղային խնդրել եմ՝ «Էդո ջան, մի հատ պատասխանի, մի հատ խոսա, ես քո մայրն եմ, կարողա ես բարձրանամ վերև», միլիցիայի պետն ասել ա՝ «արի իրար հետ բարձրանանք վերև, Էդվարդ, մայրիկիդ հետ բարձրանում եմ», ես երեք անգամ խնդրել եմ, եթե ինքը կենդանի լիներ չէ՞ր պատասխանի», - պատմեց մայրը:

Էդվարդ Մարգարյանի մայրը՝ Ռիմա Մարգարյանը պնդում է, որ իր 36-ամյա որդին արդեն սպանված է եղել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակում, երբ ինքը փողոցից բարձրախոսով դիմել է նրան՝ ոստիկանության բանակցողների միջոցով։

«Կես ժամ չի անցել Էդվարդը հանձնվել ա, մթամ Էդվարդին արդեն վնասազերծել են: Դիտավորյալ կանչել են ընդեղ, որ իրա գլխին սարքեն, մինչև էս ամեն ինչը կազմակերպելը նրան ներսում երևի արդեն խփել են», - պնդեց մայրը:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ ուրբաթ երեկոյան 21։40-ի սահմաններում մի զինված քաղաքացի ներխուժել է Մասիսի քաղաքապետարան, բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղ գտնվում է քաղաքապետի աշխատասենյակը, որոշ ժամանակ անց նռնակ է նետել դեպի դուրս, «ապա լսվել է 2 կրակոցի ձայն», հաղորդել էր Քննչական կոմիտեն։

Ընդ որում, շենք ներխուժելուց ուղիղ երկու ժամ առաջ, ըստ Քննչականի, Մարգարյանը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, թե խնդիր ունի Մասիսի մի խումբ պաշտոնատար անձանց հետ․ զգուշացրել՝ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան։ Հավանաբար այս զանգից հետո ոստիկանությունն արդեն հետևել է Էդվարդ Մարգարյանին, ենթադրում են հարզատները։

Ոստիկանությունը լռում է, թե որ պաշտոնատար անձանց հետ է խնդիրներ ունեցել մահացած տղամարդը, և ինչու է ինքնասպան եղել համայնքի ղեկավարի աշխատասենյակում։ Ընտանիքը բացում է փակագծերը՝ Մարգարյանը խնդիրներ է ունեցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ։ Ի դեպ, մահացած տղամարդը մինչև անցած տարի ավագանու անդամ է եղել՝ գործող քաղաքապետ Համբարձումյանի թիմից։

«Ի՞նչ էր, ո՞վ էր, մեզ չի տվել անունը, բայց որ խնդիրը կապված էր քաղաքապետի հետ, էդ բոլորը գիտեին: Իրար հետ աշխատել են, ընկերներ էլ են եղել, գնացել են, եկել են իրար հետ, էս վերջում, թե ինչ ա եղել, ինչ ա անցել իրանց արանքում, իմ տղան նենց չէր, որ կանգներ տան մեջ ամեն ինչը մեզ բացատրեր. ինչ ա կատարվել, ես էդ քան բանը չգիտեմ, բայց իրար հետ անհաշտ են եղել», - պատմեց Ռիմա Մարգարյանը:

Մինչև քաղաքապետարան գնալն, ըստ հարազատների, Մարգարյանը մտերիմներից մեկին հայտնել է, որ պետք է հանդիպի քաղաքապետի հետ և հաշտվեն, ավելի ուշ ասել՝ իրեն խաբել են։

«Վերջին զանգը եղել ա ժամը 8-ին, դե չեմ ասում ում ա զանգել, դա կարանք մենք «Վիվասելից» հանենք, վերծանենք, լսենք: Ժամը 8-ին ասել ա՝ «իմ գլխին սարքեցին, չեկան», ինքն էլ եկել ա զենքով-զինամթերքով բարձրացել ա քաղաքապետարան, ասել ա՝ «կանչեք, թող ստեղ գա, պայթացնում եմ շենքը»: Բայց եթե ինքը ուզեր պայթացներ, նռնակը ներսում կգցեր, մի հոգի գոնե քերծվածք կստանար», - նշեց Էդվարդ Մարգարյանի մայրը:

Մասիսի քաղաքապետարանի շենքը
Մասիսի քաղաքապետարանի շենքը

2021-ին վերընտրված Դավիթ Համբարձումյանը մամուլում առավելապես հայտնի է 2018-ից հետո, երբ հեղափոխության օրերին, ըստ իրավապահների, եղբոր հետ կազմակերպել էր բռնություններ՝ ցուցարարների նկատմամբ։ Ըստ Քննչականի, նա ավտոմեքենայի սրահից նաև կրակ էր արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ, ինչպես նաև եղբոր հետ բռունցքներով և ոտքերով հարվածել ցուցարարներին։ Նրա դեմ դատաքննությունը դեռ շարունակվում է։ Քրեական գործ կա նաև Համբարձումյանի եղբոր դեմ, ով վերջերս է գրավի դիմաց ազատ արձակվել՝ մոտ մեկ տարվա ազատազրկումից հետո։ Նա էլ մեղադրվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով։

Փորձեցինք հանդիպել Մասիսի քաղաքապետին, տեղեկացանք, որ նա այսօրվանից արձակուրդում է։ Համբարձումյանը չպատասխանեց նաև մեր զանգերին։

Էդվարդ Մարգարյանի հոգեհանգիստը պետք է լիներ այսօր, սակայն ընտանիքը հրաժարվել է վերցնել դին մինչև պատրաստ չլինեն դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը։ Ասում են՝ պահանջել են, որ քննությունը արձանագրի նաև Մարգարյանի՝ ամիսներ առաջ ստացած վնասվածքները։ Ըստ հարազատների, մոտ 10 ամիս առաջ Մարգարյանը հարձակման է ենթարկվել, սպիներ էին մնացել, իսկ մարմնի և մեքենայի վրա՝ կրակոցի հետքեր։

«Պիտի գրեն, որ մահացածի վրա սենց հետքեր կան, հրաժարվում են: Կրակոցները մի 2 ամիս առաջ կլիներ, վերքերը իրա վրեն կա», - նշեց մայրը:

Հարազատները չեն վստահում ոստիկանությանը․ կասկածներ ունեն, որ իրավապահները համագործակցում են Մասիսի երկարամյա քաղաքապետի հետ։

Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փոխարեն զրուցեցինք նրան փոխարինող փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանի հետ, վերջինս կտրուկ հերքեց հարազատների վարկածն ու մեղադրանքները:

«Քաղաքապետն այդ ժամանակ գտնվել է արձակուրդի մեջ, փոխարինում էի ես, ու, բնականաբար, քաղաքապետի արձակուրդ եղած ժամանակահատվածում որևիցե մեկն իրավունք չունի քաղաքապետի սենյակ մուտք գործելու, մանավանդ, որ տարածված վիդեոներում երևում է, որ քաղաքապետի դուռը ջարդելով է մտնում ներս», - նշեց Հակոբյանը:

Մինչև ուրբաթ օրը ոստիկանությունը կհայտներ, որ քաղաքացին ինքնասպան է եղել, հենց փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, որ «զինված անձը վնասազերծված է»։ Այսօր բացատրեց, իբր ինքը սխալ բառ է ընտրել և գրելու պահին տեղյակ չի եղել, որ Մարգարյանը ինքնասպան է եղել։

Մասիսում ուրբաթ օրը տեղի ունեցածից հետո հարուցվել է քրեական գործ ահաբեկչության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով, Քննչականից հայտնում են, որ այժմ ընթանում են փորձաքննություններ։

XS
SM
MD
LG