Նռնակով ու ատրճանակով երեկ երեկոյան Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին ինքնասպան է եղել, կեսգիշերն անց հաղորդեց ոստիկանությունը։ Այսօր էլ տեսանյութ է հրապարակվել ոստիկանության հատուկ գործողությունից։
Քննչական կոմիտեն էլ այսօր հաղորդեց, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ահաբեկչության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
Ըստ քննչական մարմնի՝ երեկ ժամը 17։40-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: «Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում նույն տղամարդը գնացել է Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել», - հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ո՞ր պաշտոնատար անձանց հետ է խնդիրներ ունեցել 36-ամյա Էդվարդ Մարգարյանը, և ի՞նչ նպատակով է Մասիսի ավագանու նախկին անդամը ներխուժել քաղաքապետարանի շենք, ապա ինքնասպան եղել, այս հարցերի պատասխանները իրավապահները դեռ չեն տալիս՝ հաղորդելով, որ քննություն է իրականացվում։ Չի հստակեցվում նաև, թե արդյո՞ք միայն ինքնասպանության վարկածն է դիտարկվում՝ հաշվի առնելով, որ հնչել է երկու կրակոց։
Ուշագրավ է, որ մինչև ինքնասպանության մասին ոստիկանության երեկվա հրապարակումը՝ Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «զինված անձը վնասազերծված է»։ Մինչդեռ Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ տղամարդու դին հայտնաբերվել է նրան վնասազերծելու ուղղությամբ ոստիկանության ձեռնարկված միջոցառումների շրջանակում։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երեկ երեկոյան հայտարարեց, որ դեպքի պատճառով արձակուրդից շտապ վերադարձել է։ Ուշագրավ է, որ քաղաքապետի աշխատասենյակ ներխուժած և ըստ իրավապահների՝ այնտեղ ինքնասպանություն գործած Էդվարդ Մարգարյանի ֆեյսբուքյան էջում առկա են լուսանկարներ քաղաքապետի և նրա մտերիմ շրջապատի հետ։
Այսօր այցելելով Մասիս՝ «Ազատությանը» չհաջողվեց զրուցել ոչ քաղաքապետի, ոչ էլ նրա տեղակալների հետ։ Ոստիկանությունը գործողություններ էր իրականացնում համայնքապետարանում, թույլ չտրվեց նաև շենքի պահակի հետ զրուցել։
«Ազատությունն» այցելեց նաև Մարգարյանի տուն, նրա հարազատները, սակայն չցանկացան խոսել տեսախցիկի առաջ և մեկնաբանել, թե ինչ նպատակով էր նա զինված ներխուժել քաղաքապետարան։ Նրա հարազատներից մեկն ասաց միայն, որ 36-ամյա Մարգարյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին և դրանից հետո ինքնամփոփ էր դարձել։ Մարգարյանի և տեղի ունեցածի մասին սակավախոս էին նաև Մասիսի բնակիչները։