Մատչելիության հղումներ

Պայթյունից վեց օր անց անհետ կորած քաղաքացին դեռ չի գտնվել. որոնողական աշխատանքները շարունակվում են


Ողբերգական պայթյունից վեց օր անց անհետ կորած քաղաքացին դեռ չի գտնվել․ փրկարարներն այսօր առավոտից շարունակում են փրկարարական-որոնողական աշխատանքները «Սուրմալու»-ում։

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի փոխանցմամբ՝ հիմա արդեն աշխատում են հենց պայթյունի էպիկենտրոնում։

Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե կա վարկած, որ մարմինը կարող է բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ գոլորշիացած կամ պայթյունի ալիքից այլ վայր շպրտված լինի, Գասպարյանն ասաց. «Այո, ճիշտ է, քանի որ հենց պայթյունի էպիկենտրոնում է, իսկ պայթյունը բավականին հզոր է եղել, դրանից հետո առաջացած հրդեհը, որը նույնպես բավականին բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել, այդ ամեն ինչը խոսում է նրա մասին, որ մեզ համար շատ բարդ է լինելու մարմինը հայտնաբերել»:

Արտակարգ իրավիճակների նախարարը երեկ երեկոյան հանդիպել է անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա16 զոհ, երկու անհետ կորած։ Փաստացի փնտրվում է մեկ քաղաքացի, քանի որ զոհերից մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ենթադրվում է, որ նա հենց անհետ կորածներից մեկն է։ ԱԻՆ-ից հայտնում են, որ նմուշառումն արվել է 2 օր առաջ, 5 օրվա ընթացքում տեղի կունենա նույնականացումը։

Տարածքի 90 տոկոսից ավելին մաքրված է։ Որոնողական աշխատանքների ավարտի մասին ժամկետներ չեն նշվում։ Փրկարար ծառայության տնօրենն ասում է՝ շենքը վթարային իրավիճակում է և ցանկացած պահի կարող է փլուզվել, փրկարարներն աշխատում են շատ զգուշորեն։

«Պայթյունի հետևանքով կան վնասված, կախված երկաթ-բետոնե կոնստրուկցիաներ, պանելներ և այլն, որոնք մինչև բուն փրկարարական աշխատանքն անելը պարտադիր է դրանց հեռացումը, որպեսզի կարողանան մեր փրկարարները անվտանգ աշխատանքներ իրականացնել», - նշեց Արմեն Գասպարյանը:

Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն, սակայն պաշտոնապես արդեն հաղորդվել է, որ շենքում մեծ քանակությամբ՝ մոտ 4 տոննա հրավտանգ նյութեր են եղել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ վերևի հարկերում ևս եղել է պահես՝ հրավառ նյութերով։ Այլ հարցերի պատասխանները, Գասպարյանի խոսքով, կտա նախաքննությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնում են, որ քննարկում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց աջակցելու հնարավորությունը։

XS
SM
MD
LG