Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ հեռագրում մասնավորապես ասված է. - «Մեծ տխրությամբ ընդունեցի քաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը: Հրդեհի և շինության փլուզման հետևանքով մահացել և տուժել են շատ մարդիկ:
Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ փոխանցել ցավակցության իմ խոսքերը բոլոր նրանց, ում դիպչել է այդ սարսափելի դժբախտությունը, մանավանդ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս հոգևորականության և Երևանյան-Հայկական թեմը՝ ի դեմս հետևորդների, պատրաստ են ցուցաբերել բարոյական աջակցություն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 16 քաղաքացի է զոհվել, շուրջ վեց տասնյակը վիրավորվել են, 2 մարդ համարվում է անհետ կորած: Նախորդ երկու օրերին Հայաստանում ու Արցախում սուգ էր հայտարարված: