Մատչելիության հղումներ

Արևմտյան երկրները խոստացել են ուժեղացնել Ուկրաինայի ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ պայքարում


«Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորների համաժողովը Կոպենհագենում, 11-ը օգոստոսի, 2022թ․
«Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորների համաժողովը Կոպենհագենում, 11-ը օգոստոսի, 2022թ․

Արևմտյան երկրները դոնորների համաժողովում խոստացել են ավելի քան մեկուկես միլիարդ եվրո, սարքավորումներ և ուսուցում՝ ուժեղացնելու համար Ուկրաինայի ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ պայքարում:

Գումարը խոստացել են 26 երկրներ՝ Կոպենհագենում՝ պաշտպանության նախարարների համաժողովում, լրագրողներին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը։

«Բոլոր երկրները, որոնք եկել են Կոպենհագեն, եկել են Ուկրաինային աջակցելու մտադրությամբ»,- մեկօրյա հանդիպման ավարտին ասել է Բոդսկովը։

Գումարը կօգտագործվի զենքի, հրթիռների և զինամթերքի մատակարարման, Ուկրաինայի համար զենքի արտադրության ավելացման, ուկրաինացի զինվորների պատրաստման և ականազերծման աշխատանքների համար:

Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի պաշտպանության նախարարները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել Ուկրաինայի համար հրետանային համակարգերի, զինամթերքի և այլ ռազմական տեխնիկայի արտադրությունը, ասել է Բոդսկովը։

Համատեղ հայտարարության մեջ երկրները խոստացել են շարունակական և կայուն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ պայմանավորվելով սեպտեմբերին առցանց հանդիպում անցկացնել։

«Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորական համաժողովին մասնակցում էին 26 երկրներ: Կազմակերպիչների թվում էին Մեծ Բրիտանիան, Դանիան և Ուկրաինան: Հավաքը տեղի է ունեցել Դանիայի խորհրդարանի շենքում:

XS
SM
MD
LG