Մատչելիության հղումներ

Մարինա Օվսյաննիկովան ձերբակալվել է


Ռուսաստանի առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային տասը տարվա ազատազրկում է սպառնում «Պուտինը հանցագործ է, իսկ նրա զինվորները ֆաշիստներ» պաստառի համար։

Հուլիսի 15-ին նա Կրեմլի մոտ միայնակ ակցիա էր անցկացրել՝ պահելով այդ պաստառը՝ Ուկրաինայում զոհված երեխանների լուսանկարներով։ «352 երեխա է զոհվել, դեռ որքա՞ն երեխա պետք է զոհվի, որ դուք կանգ առնենք», - գրաված էր պաստառի վրա։

Այդ օրը Մարինա Օսվյաննիկովան քրեական հետապնդման չէր ենթարկվել։ Երկու օր անց նա բերման էր ենթարկվել և շուտ ազատ արձակվել։ Իսկ երեկ իրավապահները վաղ առավոտյան ժամը 6-ին Մոսկվայում մտել են նրա բնակարան ու խուզարկել՝ առանց փաստաբանի ներկայության։

Նրա փաստաբան Դմիտրի Զախվատովը Telegram-ի իր էջում գրել է, որ ուժայինները չեն սպասել իրեն, ներխուժել են տուն, բայց՝ թողել են քննիչի հեռախոսահամարը։ Փաստաբանը գրել է, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել Օվսյաննիկովի դեմ, որը բանակի մասին ֆեյքերի արդեն հայտնի հոդված է։

Ֆեյքերի մասին օրենքը Ռուսաստանն ընդունեց Ուկրաինա ներխուժելուց հետո։ Ըստ ռուսական այդ օրենքի, բանակը վարկաբեկելու, «կեղծիքներ» հաղորդելու, տարածելու համար մարդը կարող է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել։

Դմիտրի Զախվատովը հայտնել է, որ Օվսյաննիկովան ձերբակալվել է և օգոստոսի 10-ից 11-ի գիշերն անցկացնելու է Պետրովկայի ժամանակավոր պահման մեկուսարանում։ Նրան հարցաքննում են մեղադրյալի կարգավիճակով, խափանման միջոցի հարցը դեռ պարզ չէ։

Մարինա Օվսյաննիկովան հայտնի դարձավ անցած մարտին, երբ առաջին ալիքի «Վրեմյա» լրատվական ծրագի ընթացքում ներս մտավ ստուդիա և հաղորդավարի հետևում կանգնեց հակապատերազմական պաստառով։

14-ը մարտի, 2022թ․
14-ը մարտի, 2022թ․

«Ո՛չ պատերազմին, դադարեցրե՛ք պատերազմը։ Մի՛ հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ ստում են։ Ռուսաստանցիները դեմ են պատերազմին», անգլերենով և ռուսերենով գրված այդ պաստառը մի քանի վայրկյան երևաց առաջին ալիքի եթերում։

Այդ ակցիայից առաջ նա տեսանյութ էր ձայնագրել ու տեղադրել սոցցանցում, որտեղ ասել էր, թե «այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, հանցագործություն է։ Ռուսաստանն ագրեսոր երկիր է և այդ ագրեսիայի պատասխանատվությունն ընկած է միայն մեկ մարդու վրա․ այդ մարդը Վլադիմիր Պուտինն է»։

Այդ արարքի համար, դատարանի որոշմամբ, նա վարչական պատասխանատվության ենթարակվեց՝ տուգանվեց 30 հազար ռուբլով։

Մարինա Օվսյաննիկովային ազատեցին աշխատանքից, մի քանի ամիս նա անցկացրեց արտասահմանում, այդ թվում՝ իր ծննդավայր Ուկրաինայում։ Երեք ամիս աշխատեց գերմանական Welt հեռուստաընկերության լուրերի բաժնում, պայմանագրի ավարտից հետո վերադարձավ Ռուսաստան։

Մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ, նա տուգանվեց 50 հազար ռուբլով՝ ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինի խափանման միջոցի հարցը քննող դատարանի շենքի մոտ հայտարությունների համար։ Մարինա Օվսյաննիկովան ասել էր, որ պատերազմն ամենասարսափելի հանցագործությունն է 21-րդ դարում։

Օգոստոսի 8-ին դատարանը նորից 40 հազար ռուբլով տուգանեց Օսվյաննիկովային ֆեյսբուքյան գրառման համար, դատարանը գտավ, որ նա վարկաբեկել է բանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG