Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն այցելել է Լատվիա․ Ռիգայում նա հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի և վարչապետ Արթուրս Կրիշյանիս Կարինշիի հետ։ Բանակցություններին մասնակցել են նաև երկու կողմերի պատվիրակությունները։
Վարչապետի հետ հանդիպման մեկնարկին Լլոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի սերտորեն աշխատել Լատվիայի, ՆԱՏՕ-ի և աշխարհում մյուս դաշնակիցների հետ՝ աջակցելու ուկրաինական ժողովրդին դիմակայելու համար Ռուսաստանի դաժան ու կանխամտածած ագրեսիային։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող զենքն իրական փոփոխություններ է մտցրել ռազմի դաշտում։
«Միջազգային ջանքերը ուժեղացնելու Ուկրաինայի ռազմական կարողությունները շարունակում են իրական փոփոխություններ մտցնել մարտադաշտում, և դա վճռական դեր ունի օգնելու Ուկրաինայի ինքնապաշտպանությանը»,- ընդգծել է Լլոյդ Օսթինը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև խոսել է մերձբալթյան տարածաշրջանի անվտանգությունն ուժեղացելու ջանքերի մասին։ Հիշեցնելով Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները` Լլոյդ Օսթինն ասել է․ «Մենք կուժեղացնենք մեր ռոտացիոն տեղակայումները տարածաշրջանում, կակտվիացնենք վարժանքները բալթյան գործընկերների հետ՝ տարածաշրջանում մեր մարտական դիրքերի ապագա ամրապնդման համար»:
Օսթինը նաև հանդիպել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Համատեղ ասուլիսում ամերիկյան զորքերի ռոտացիոն տեղակայման մասին նա փոքր-ինչ մանրամասն է խոսել` ասելով, թե հավանաբար կօգտագործվեն Ռումինիայում և Եվրոպայի այլ մասերում գտնվող ամերիկյան բրիգադների ստորաբաժանումները, բայց եթե անհրաժեշտ լինի, զորքեր կբերվեն նաև Միացյալ Նահանգներից։
Լատվիայի պաշտպանության նախարարն ասել է, որ իր առաջնահերթությունն ԱՄՆ-ից ավելի շատ ռազմական կարողություններ ստանալն է, և նշել, որ իր երկրի զինված ուժերն ամենօրյա վարժանքների կարիք ունեն։ Նա նաև ասել է, որ Լատվիան ԱՄՆ-ի լրացուցիչ ֆինանսական օգնության կարիքն ունի` նոր սպառազինություններ գնելու, հակօդային և առափնյա պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Լատվիայի պաշտպանության նախարարը նաև մտահոգություն է հայտնել Բելառուսի կողմից հնարավոր սպառնալիքների առնչությամբ։ Արտիս Պաբրիկսն ասել է, որ Բելառուսը որպես անկախ պետություն չեն դիտարկում, այլ պարզապես Ռուսաստանի մի մասը, նշել նաև, որ Լատվիային մշտապես մտահոգում է սահմանի երկայնքով վտանգը, և ուշադրությամբ հետևում են իրավիճակին։
Օգոստոսի 9-ին Պենտագոնի ղեկավարը, սկսելով երկօրյա այցը Լատվիա, նախ այցելել էր Լիելվարդեի ավիաբազա, որտեղ տեղակայված է ամերիկյան զորախումբը։
Լատվիայում ամերիկացի մոտավորապես 500 զինծառայող կա, իսկ ամբողջ Եվրոպայում նրանց թիվը հասնում է 100 հազարի։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո ՆԱՏՕ-ն սկսեց ուսումնասիրել` ինչպես ուժեղացնել դաշինքի արևելյան թևը, մերձբալթյան երկրներից, Լեհաստանից մինչև Բուլղարիա, Ռումինիա ու Սև ծովի ափերը։
Վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում սա ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին այցն է Լատվիա՝ ընդգծելով Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ ընկած բալթյան երկրների կարևորությունը։ Պենտագոնը հիշեցնում է, որ վերջին անգամ ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավար Ուիլյամ Փերին Լատվիա էր այցելել 1995 թվականին։
Մերձբալթյան երեք երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ՆԱՏՕ-ին անդամակցել են 2004 թվականին։
Առաջիկայում Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում է մինչև 2025 թվականը բարձրացնել ռազմական ծախսերը՝ համախառն ներքին արդյունքի ներկայիս 2 տոկոսի փոխարեն 2,5 տոկոսն ուղղել ռազմական բյուջե, ինչը կնպաստի դաշինքի անվտանգության ուժեղացմանը, մասնավորապես Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո։