Թուրքական դրոշի ներքո բեռներ փոխադրող «Պոլարնետ» նավն այսօր առավոտյան խարիսխ է գցել Քոջայելիի մարզի Դերինչեի նավահանգստում:
«Պոլարնետն» Ուկրաինայից՝ Չերնոմորսկի նավահանգստից, 12 հազար տոննա եգիպտացորեն է հասցրել Թուրքիա:
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկ և այլ մթերք դուրս հանելու ռուս-ուկրաինական համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ:
Բեռնափոխադրումները հսկում է Ստամբուլում տեղակայված միացյալ խումբը, որի կազմում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ ամիսներ շարունակ ահազանգել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ուկրաինական արգելափակված նավահանգիստներից պարենը դուրս չբերելու դեպքում միլիոնավոր մարդիկ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կարող են սովի մատնվել: