Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան հրաժարվում է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն, Կուլտարանտա, Ֆինլանդիա, 12 հունիսի, 2022թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն, Կուլտարանտա, Ֆինլանդիա, 12 հունիսի, 2022թ.

Ֆինլանդիան առանց Շվեդիայի չի միանա ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիայի անդամակցումը հետաձգվի Թուրքիայի հետ չկարգավորված վեճերի հետևանքով: Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն:

Երկու ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Կուլտուրանտա (Ոսկե ափ) ավանում, որտեղ գտնվում է Ֆինլանդիայի նախագահների ամառային նստավայրը:

«Շվեդիայի գործը՝ մե՛ր գործն է, դա նշանակում է, որ մենք միասին՝ ձեռք ձեռքի տված, առաջ ենք գնում», - ասել է Նիինիստոն:

Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներ շարունակ չեզոք քաղաքականություն են վարել, սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո որոշել են միանալ ՆԱՏՕ-ին:

Այդ նախաձեռնությանն ընդդիմանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որի պնդմամբ` սկանդինավյան երկու երկրները սատարում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Անկարայում այն համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքիան պահանջում է «արտահանձնել ահաբեկչական գործողություններին առնչություն ունեցող քուրդ ակտիվիստներին»:

Թուրքերի կողմից ահաբեկիչներ համարվող քրդերի մի զգալի մասը բնակվում է Շվեդիայում:

Նախագահ Նիինիստոն ասել է, թե իր համար անակնկալ էր Անկարայի առարկությունը: Նա միաժամանակ նշել է, որ հարկ է ամենայն լրջությամբ ըմբռնել թուրքական կողմի մտահոգությունները:

Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն, իր հերթին, ասել է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ահաբեկչությունից առավել շատ հենց Թուրքիան է տուժել:

«Դա պետք է հիշել և հասկանալ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Հունիսի վերջին Մադրիդում գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը, ենթադրաբար, պետք է որոշում կայացնի սկանդինավյան երկու երկրների անդամակցության վերաբերյալ:

Ստոլտենբերգը վերջերս նշել է, թե մադրիդյան հավաքը վերջնաժամկետ չէ, և Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հարցը կարող է նաև ավելի ուշ լուծվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG