Անկարան Ստոկհոլմին և Հելսինկիին 10 պայման է առաջադրել, որոնց կատարումը կարող է դրդել Թուրքիայի իշխանություններին վերանայել իրենց վերաբերմունքը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Yeni Safak թերթը։
Մայիսի 25-ին Անկարայում բանակցությունների ընթացքում Շվեդիայի և Ֆինլանդիայի բանագնացներին առաջադրվել է պահանջների փաթեթ։
Մասնավորապես, ըստ հրապարակման, երկու երկրներն էլ պետք է հայտարարեն Անկարային ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու հարցում աջակցելու մասին և համապատասխան օրենսդրական ակտեր ընդունեն։
Անկարան պահանջում է նաև, որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան փակեն իրենց տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունները, որոնք կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, նրանց ակտիվներն ու մեդիառեսուրսները, և կանխեն դրանց վերաբացումը։
Բացի այդ, Անկարան Ստոկհոլմից և Հելսինկիից պահանջում է վերացնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի էմբարգոն և արտահանձնել ահաբեկիչների հետ կապված մարդկանց։
Թուրքիայի իշխանությունները նաև առաջարկել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն հաստատել հետախուզական ծառայությունների միջև։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի դեռ Ստոկհոլմը և Հելսինկին «չեն փոխել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ»։