Մատչելիության հղումներ

ՊՆ-ն Հայաստանի սահմանին կրակոցի ու զինվորի վիրավորվելու լուրը հայտնել է դեպքից 16 ժամ անց 


Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Հայաստանի հետ սահմանին՝ Գեղարքունիքի հատվածում, հայտնում են Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները։

Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանը։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Այս պահի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։ «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», - նշեց Արամ Թորոսյանը:

Սահմանին կրակոցի ու զինծառայողի վիրավորվելու լուրի մասին մարդիկ տեղեկացան վիրավորված զինծառայողի հարազատներից, որից հետո միայն պաշտոնական հաղորդագրություն եղավ։ Կրակոցների մասին դեպքից 14 ժամ անց գրել էր վիրավորված զինծառայողի հորաքույրը՝ Անահիտ Գևորգյանը։ Նա ժամեր շարունակ տեղեկություններ էր փնտրել սահմանային իրավիճակի մասին և չէր գտել։ Զինծառայողը վիրավորվել է օգոստոսի 6-ի երեկոյան, սակայն մինչև հաջորդ օրը կեսօրին պաշտոնական ոչ մի տեղեկություն չկար։

«Ամենաառաջին տեղեկատվությանը հենց գիշերը պիտի Պաշտպանության նախարարությունը հրապարակեր: Ես ամբողջ գիշեր թերթում էի, որ մի բան գտնեմ, աչքիս մի բան ընկնի: Արդեն եղածը եղել է, որևէ բան ոչ թաքցնել էր պետք, ոչ էլ: Ուղղակի, ես կարծում եմ, սա անփութություն է կամ անտարբերություն», - նշեց Անահիտ Գևորգյանը:

Նվեր Գևորգյանը Սոթքում է ծառայում, կես տարուց կզորացրվի։ Ըստ հորաքրոջ՝ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից կոնքը հատվածում. «Էս պահին ռեանիմացիայում է, ոտքն անշարժացած է»:

Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը Սոթքում ադրբեջանական կրակոցների մասին տեղեկությունը նույն օրը չի հայտնել, այլ՝ հաջորդ օրը կեսօրին, զինծառայողի հարազատի գրառումից հետո։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց՝ երեկոյան ժամերին է դեպքը տեղի ունեցել, առավոտյան են հայտնել են, խնդիր չի տեսնում։ Իր ֆեյսբուքյան էջում էլ լուրը տեղադրվել է 12-ից հետո։

«Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը որևէ աղերս չունի վիրավորում ստացած զինծառայողի հարազատների գրառման հետ: Պաշտպանության նախարարությունը սովորաբար որևէ կերպ չի թաքցնում հանրությունից և սա էլ բարցառություն չէր», - ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Պարզվեց, որ իրականում ոչ մի լրատվամիջոց, ոչ մի արձագանք չէր եղել մինչև իմ գրելը մամուլում: Իմ գրելուց շատ անմիջապես հետո, 5-10 րոպե հետո սկսեցին տարբեր լրատվամիջոցներ զանգել, բոլորը գրեցին, 13 ժամ հետո նոր Պաշտպանության նախարարությունը գրեց», - նշեց Գևորգյանի հորաքույրը:

Արցախում էլ վերջին օրերի լարվածության մասին հանրությունը առաջինը տեղեկացավ սոցիալական ցանցերում ահազանգերից, թե թեժ մարտեր են սահմանին։ Եվ միայն այդ տագնապալի լուրերից հետո եղավ պաշտոնական հաղորդագրությունը, որ իրավիճակը լարված է, կան զոհեր ու վիրավորներ։ Այսօրվա տվյալներով՝ Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսները շարունակում են բուժումը։

XS
SM
MD
LG