ԱՄՆ-ն անլուրջ է համարում Ռուսաստանի կառավարության պատասխանը կալանքի տակ գտնվող քաղաքացիների փոխանակման ամերիկյան առաջարկներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։
«Պատասխան առաջարկ է արվել. մենք դա չենք դիտարկում որպես լուրջ պատասխան առաջարկ»,- ասել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը՝ հրաժարվելով խոսել բանակցությունների կոնկրետ մանրամասների մասին:
«Մենք բովանդակալից առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է նա՝ շարունակելով․ - «Եվ մենք ցանկանում ենք բարեխիղճ բանակցություններ վարել այս հարցի շուրջ։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ դրան հասնենք որքան հնարավոր է շուտ: Այն, ինչ մենք լսեցինք, ինչպես ձեզ ասացին իմ գործընկերներն, անբարախիղճ էր»։
Կալանավորների և դատապարտվածների փոխանակման հարցը օրերս հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը:
Ամերիկյան կողմն առաջարկում է Ռուսաստանում թմրադեղի մաքսանենգության փորձի համար կալանավորված Բրիթնի Գրայնենին և լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին փոխանակել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտի հետ:
Մոսկվան էլ Վաշինգտոնին առաջարկել է երկու երկրներում պահվող կալանավորներին փոխանակելու ցանկում ներառել նաև Վադիմ Կրասիկովին, ով սպանության մեղադրանքով ազատազրկվել է Գերմանիայում: