Մինչ մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալին վերագրվող արարքը նոր Քրեական օրենսգրքում չկա, հետևաբար մեղադրանքը պետք է հանվի, Արդարադատության նախարարությունը շտապում է հերքել՝ տեղեկացնելով, որ Քրեական նոր օրենսգրքում լրացումներ են կատարվել, և Չալաբյանին վերագրվող արարքը հուլիսի 1-ից հետո էլ շարունակելու է հանցագործություն համարվել։
Ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու գործով մեղադրյալ Չալաբյանի փաստաբաններն այսօր հրավիրած ասուլիսում պնդում էին՝ նոր Քրեական օրենսգրքում հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու դրույթը չկա։ Փաստաբան Արթուր Հարությունյանի խոսքով՝ հուլիսի 1-ից իրավունքի ուժով Չալաբյանը պետք է ազատ արձակվի կալանքից ու մեղադրյալի կարգավիճակից՝ արդարացման հիմքով։ Քննիչին խնդրել են դադարեցնել հետապնդումը, ինչը մինչ օրս չի արվել։
«Այսինքն ի՞նչ է ստացվում, քրեական հետապնդում իրականացնող մարմնի ցանկացած գործողությունների պարագայում ունենալու ենք մի իրավիճակ, որ 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարոն Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարելու է», - ասաց փաստաբան Արթուր Հարությունյանը:
Մինչդեռ օրվա երկրորդ կեսին արդեն Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Ազգային ժողովն ամսվա սկզբին ընդունել է նոր օրենսգրքի 236-րդ հոդվածի լրացումները, ըստ այդմ էլ՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հուլիսի 1-ից ևս համարվում է հանցագործություն։
Ընդդիմության հավաքներն ակտիվ մասնակցին մեղադրանք էր առաջադրվել համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա, որը փաստաբանները անթույլատրելի ապացույց են համարում՝ նշելով, որ հայտնի չէ դրա աղբյուրը։
Ըստ այդ ձայնագրության՝ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել էր նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Չալաբյանի հետ։ Գործով մեղադրյալ է նաև ազատության մեջ գտնվող Էմմա Սարգսյանը։
5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցություն ունենալ ցույցերին։ Սրան հաջորդում է մեկ այլ ձայնագրությունից հատված, որտեղ Էմմա Սարգսյանը փոխանցում է ուսխորհրդի նախագահին՝ Չալաբյանի առաջարկը՝ մեկ ուսանողի դիմաց 1.000 դրամ տալու մասին։ Ըստ իրավապահների` ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։
Փաստաբանները, սակայն, պնդում են՝ որևէ ապացույց Չալաբյանի դեմ ձեռք չի բերվել։ Ավելին, ագրարայինի ուսխորհրդի նախագահը առերեսման ժամանակ հերքել է փող տալու խոսակցության հանգամանքը, մինչդեռ Թոռնիկ Ալիյանը մեզ հետ զրույցում հակադարձեց՝ նման առաջարկություն ինքը ստացել է։
«Շատ կարևոր է ու շատ հետաքրքիր, որ նույնիսկ Թոռնիկ Ալիյանը առերես հարցաքննության ժամանակ որևէ կերպ չի պնդել և հերքել է, որ Ավետիք Չալաբյանը իրեն երբևէ որևէ նյութական շահագրգռություն է առաջարկել որևէ հանրահավաքի կամ հավաքի մասնակցելու համար», - նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Նախօրոք ասել են, որ սենց-սենց թեմա կա, առաջարկություն է եղել, ես էլ մերժել եմ», - ասաց Թոռնիկ Ալիյանը:
Մինչ իրավապահները փորձում են ապացուցել, որ ընդդիմադիր գործիչը հանցագործություն է արել, Չալաբյանի կողմնակիցները քաղաքական հետապնդման օրինակ են որակում այս գործը։