Մատչելիության հղումներ

Վաղը Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի կալանքից


Քանի որ այսօր մեկնարկած դատական նիստում հնարավոր չեղավ քննարկել ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու հարցը, իսկ նրա՝ անազատության մեջ պահվելու ժամկետը լրանում է վաղը, ապա հենց վաղն էլ մեղադրյալը կարող է ազատ արձակվել կալանքից։

Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի գործով առաջին նախնական դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այդպես էլ չկարողացավ քննարկել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցը, քանի որ նրա փաստաբանները այլ պահանջ էին ներկայացնում։

Ինքը՝ Չալաբյանը պնդում էր՝ մեղադրական եզրակացությունը ստացել է բավականին ուշ, իսկ քննիչը գործի նյութերին, ըստ օրենքի, իրեն չի ծանոթացրել, հետևաբար դատարանը գործը առհասարակ չպետք է քննի։ Մինչդեռ դատավորը պնդում էր, որ այս նիստին նման հարցեր չպետք է քննարկել։ Մեկուկես ժամ տևած դատական նիստում դատավորն այդպես էլ չկարողացավ անցնել, իր ձևակերպմամբ, այսօրվա օրակարգին։ Վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային պայքարի օրերին կալանավորված Չալաբյանն ու փաստաբանները խոսում էին նախաքննության խախտումներից։

Չալաբյանն այսօր ուղիղ վարչապետին մեղադրեց՝ պնդելով, թե հենց Նիկոլ Փաշինյանն է իր ու իր ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանին էլ հիշեցրեց, որ հենց ինքն է 2008-ի մարտյան դեպքերից հետո դատել Փաշինյանին։

«Էս քրեական գործ կոչեցյալը ընդամենը ծխածածկում է, այստեղ չկա քրեական գործ, կոնկրետ կա վարչախմբի ղեկավար, որ իրեն հայտնի պատճառներով (անունը նշենք՝ Նիկոլ Փաշինյան, Դուք ժամանակին իրեն դատել եք) իրականցնում է իմ և նաև իմ ընտանիքի նկատմամբ հետապնդում», - ասաց Չալաբյանը:

Օրերս «Հետք» պարբերականում մի հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Կենտրոնական բանկի նախագահը Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին, առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել, ասելով, թե դա իրեն ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը: Հայտնի չէ արդյոք իսկապես աշխատանքից ազատվել է Արա Չալաբյանը, նա և ընտանիքը այս հարցը չեն պարզաբանել մինչ օրս։

Մեղադրանքներին չեն արձագանքում ու պարզաբանումներ չեն տալիս ոչ Կենտրոնական Բանկը, ոչ էլ կառավարությունը։ Վարչապետի աշխատակազմից այսօր էլ հրաժարվեցին «Ազատության» հարցին պատասխանել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահին հրահանգել է աշխատանքից ազատել Արա Չալաբյանին։

Մեղքը չընդունող Ավետիք Չալաբյանը, մինչդեռ, հայտարարում է, որ այս դատավարության ընթացքում բազմաթիվ խախտումներ կբացահայտվեն. - «Դուք հարցրե՞լ եք իրանց գործի նյութերը տրամադրել են, թե՝ չէ, կամ ընդհանրապես, որ պաշտպաններս այդ հարցը բարձրացրել են, ինչ - որ կերպ այդ հարցին անդրադարձ եղե՞լ է: Հիմա էլ ասում եք՝ «եկեք վերջում լսենք», ինչի՞ վերջում լսենք, ամենաճիշտը կլիներ՝ վարույթը վերադարձնեինք իրենց, որովհետև վարույթը ոտքից գլուխ ապօրինի է»:

Արձագանքելով Չալաբանյանի ու նրա փաստաբանների բողոքներին՝ մեղադրող դատախազ Արմեն Բեգլարյանը պնդեց՝ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, իսկ փաստաբանները չարաշահում են իրենց տրված իրավունքը։

«Հայտարարվել է և պաշտպանները նույն օրն իմացել են, որ նախաքննությունը ավարտվել է, այդ մասին կազմվել է արձանագրություն, քննիչը փորձել է ծանուցումը տալ պաշտպաններին և ասի՝ ձեզ հարմար կամ ցանկալի օրը նշեք, եկեք ծանոթացեք, պաշտպաններից մեկը վերցնել ծանոթանալուց հետո հետ է վարդարձրել՝ հրաժարվելով ստորագրել այդ մասին: Այսքանից հետո ուղղակի գալ դատական նիստերի դահլիճում հայտարարել, որ մենք գործի նյութերը չենք ունեցել, ծանոթ չենք, սա իրավաչափ վարքագիծ չէ», - նշեց դատախազը:

Լարված դատական նիստը հետաձգվեց, երբ փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը։ Նիստը կշարունակվի վաղը, և չի բացառվում, որ դատախազը միջնորդի դատարանին՝ երկարաձգել Չալաբյանի կալանքը։

XS
SM
MD
LG