Մատչելիության հղումներ

Հայաստանում կապիկի ծաղկի որևէ դեպք չի գրանցվել․ նախարար


Մինչ այս պահը Հայաստանում կապիկի ծաղկի որևէ դեպք չի գրանցվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարը։

Անահիտ Ավանեսյանը հաստատեց՝ Հայաստանը Ռուսաստանից կապիկի ծաղկի թեստավորման հավաքածու է ստացել։

Երեկ ռուսական ՏԱՍՍ գործակալություն էր հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է երկու թեստային համակարգ, որը թույլ է տալիս 200 թեստ իրականացնել՝ կապիկի ծաղիկն ու ջրծաղիկը հայտնաբերելու համար։

«Այո՛, մենք Ռուսատանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները և մշտապես ցանկացած կասկածի պարագայում միանշանակ օգտագործում ենք։ Մինչ այս պահը իրականացրած հետազոտությունների արդյունքները բացասական են եղել և Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել», - ասաց նախարարը։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին՝ Ավանեսյանը նշեց, որ հիվանդացության աճ կա, այս պահին Հայաստանում շրջանառվում է BA․5 ենթատեսակը, որը «օմիկրոնի» ենթաշտամներից է։

«Քովիդն այլևս դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ մենք ունենալու ենք բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում։ Տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են և, իհարկե, պետք է նաև Հայաստան ներթափանցեր արդեն որերորդ անգամ վարակը։ Պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, և մենք պատրաստ են հաջորդիվ ալիքներին․ եթե համաճարակային իրավիճակը սրվի, մենք բոլոր մեր գործիքակազմը կիրառելու ենք՝ պայքարելու համաճարակի դեմ», - ասաց նախարարը։

XS
SM
MD
LG