Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շաբաթ օրը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու վտանգը չափավոր է աշխարհի գրեթե բոլոր մասերում, բացի Եվրոպայից։
Գեբրեյեսուսը հավելել է, որ ԱՀԿ-ն այս հիվանդությամբ վարակվելու ավելի քան 16 հազար դեպք է գրանցել աշխարհի 75 երկրներում, իսկ վարակվածների շրջանում՝ 5 մահ։
Associated Press-ն, իր հերթին, հիշեցնում է, որ ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր տագնապի նմանատիպ մակարդակ՝ կապված COVID-19 համաճարակի, 2014 թվականին` արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակի և 2016-ին` Լատինական Ամերիկայում Զիկա վիրուսի տարածման պատճառով։
Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958 ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները:
Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Դրանից հետո հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Կենտրոնական և արմտյան աֆրիկայի մեկ տասնյակ երկրներում, որ մոտ են հիվանդության բնօրրանը համարվող տրոպիկական անտառներին։