Մատչելիության հղումներ

Զելենսկին կոշտ քննադատության է ենթարկել Թրյուդոյին` գազատուրբինը վերադարձնելու պատճառով


Կիևը դժգոհ է «Հյուսիսային հոսքի» գազատուրբինը վերադարձնելու Կանադայի իշխանությունների որոշումից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ կոշտ քննադատություն է հնչեցրել վարչապետ Ջասթին Թրյուդոյի հասցեին՝ պնդելով, որ Օտտավան այդ քայլով խախտել է պատժամիջոցների ռեժիմը։

Կանադայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Զելենսկին հայտարարել է նաև, որ իր երկրի քաղաքացիները երբեք չեն ընդունի ռուս-գերմանական գազատարին ծառայող գազատուրբինը Բեռլինին փոխանցելու որոշումը. «Փաստացի խախտելով պատժամիջոցների ռեժիմը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ինքը` Կանադայի վարչապետը, Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է՝ Օտտավան շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային «ռուսական ռազմական ագրեսիայի պայմաններում»։ Կանադական կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում, սակայն, տուրբինների տեղափոխման հարցին որևէ անդրադարձ չկա։

Թրյուդոյի կառավարության որոշումը մինչ այդ բողոքի ալիք է հարուցել ուկրաինական մեծ համայնք ունեցող կանադական քաղաքներում։ Օտտավայում և Մոնրեալում ցուցարարները կենտրոնական հրապարակներում Կանադայի իշխանություններին հորդորում էին «Ուկրաինայի պես խիզախ լինել»` վանկարկելով նաև «ռուսական գազի փողերով ուկրաինացիների են սպանում»։

Կանադայում վերանորոգված գազատուրբինն օգտագործվում է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մատակարարելու համար։ Անցած ամիս ռուսասատանյան «Գազպրոմ»-ը Եվրոպա գազի մատակարարումների կտրուկ կրճատումը բացատրել էր Կանադայում տեխնիկական սպասարկում անցած Siemens գազային տուրբինները Ռուսաստանին չվերադարձնելու որոշմամբ։ Չնայած Գերմանիայում հասունացող էներգետիկ ճգնաժամին, Կիևը տևական ժամանակ Թրյուդոյի վարչակազմին կոչ էր անում չվերադարձնել դրանք` հայտարարելով, որ Մոսկվան Գերմանիային «շանտաժի է ենթարկում»։

Ուկրաինայի նախագահը նաև Եվրամիության երկրներին է հորդորում ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, որին բաժին է հասնում ներմուծվող բնական գազի ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը։ Ռուսաստանյան գազի ծորակը փակվելու դեպքում մեծապես կտուժեն հատկապես Իտալիան և Գերմանիան։

«Այսօր մենք ստիպված ենք արձանագրել՝ Ռուսաստանը էներգիան որպես զենք է օգտագործում։ Ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը գազի մատակարարումները կրճատում է բացառապես տեխնիկական պատճառներով»,- անցած օրերին հայտարարում էր Եվրամիության խոշորագույն տնտեսության ղեկավար Օլաֆ Շոլցը։

Կիևից հնչող քննադատություններին ի պատասխան` Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարին ծառայող Siemens տուրբինի փոխանցումը Եվրամիության սահմանած պատժամիջոցների համաձայն խախտում չի համարվում, քանի որ դրանք չեն վերաբերում գազի մատակարարումներին։ Գերմանացի պաշտոնյան շեշտել է, որ Բրյուսելը սահմանափակումներ կիրառելիս ելնում է այն սկզբունքից, որ դրանք չպետք է ավելի շատ վնաս հասցնեն դաշինքին և Գերմանիային, քան Ռուսաստանին։

«Հյուսիսային հոսքից» պակասող տուրբինների վերագործարկման պարագայում էլ, սակայն, Եվրամիությունում վստահ չեն, որ Ռուսաստանից Գերմանիա հասնող գազատարը երբեմնի հզորությամբ կաշխատի։ Գազամատակարարումները նույն ծավալով չվերսկսելու դեպքում եվրոպական դաշինքը քննարկում է տարիներ առաջ ընդունած դիրեկտիվի գործարկումը, որը միտված է արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովմանը։

Փաստաթղթում Եվրամիության երկրները բաժանված են տարածաշրջանային խմբերի՝ ռուսական գազից մեծապես կախված և նվազ կախվածություն ունեցող։ Ճգնաժամի դեպքում դաշինքի անդամ երկրները պարտավորվում են միմյանց գազ մատակարարել, բացի այդ, 80 տոկոսով լցնել գազի պահեստարանները մինչև Եվրոպայում հաջորդ ջեռուցման սեզոնի մեկնարկը։ Փորձագետները, այդուհանդերձ, նշում են, որ առանց գազի հիմնական մատակարարի այդ քայլերի իրականացումը բարդ կլինի:

XS
SM
MD
LG