Մատչելիության հղումներ

«Այսօր նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ»․ Միրզոյան


«Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները», - Նյու Դելիում՝ հայ-հնդկական գործարար համաժողովի բացմանն այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերը, նշել է Միրզոյանը՝ շեշտելով՝ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար պետք է աշխատել միասին։

Ընդգծելով, որՀնդկաստանն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է՝ հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր:

«Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ և շուրջ 200 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միրզոյանը Հնդկաստանում է ապրիլի 25-ից՝ Հայաստանի գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Նա հանդիպել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, անդրադարձել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG