Մատչելիության հղումներ

Կարակալպակստանում բողոքի ցույցերի հետևանքով խաղաղ բնակիչներ և իրավապահներ են զոհվել․ Միրզիյոև


Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը երեկ հայտնել է, որ Կարակալպակստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում կան զոհեր։ Նախագահը, սակայն, չի նշել զոհերի և վիրավորների թիվը։

Կարակալպակստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի վերջին`Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո:

Սահմանադրության նոր տարբերակով առաջարկվում էր Կարակալպակի Հանրապետության կարգավիճակի մասին կետից հանել «ինքնիշխան» բառը, ինչպես նաև հանել՝ Ուզբեկստանից անջատվելու հանրապետության իրավունքի մասին հիշատակումը։

Հուլիսի 1-ին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսի և այլ քաղաքների փողոցներ։

Միրզիյոևը երեք օրվա ընթացքում երկու անգամ թռել է Նուկուս։ Հուլիսի 2-ին նա արտակարգ դրություն է հայտարարել Կարակալպակստանում։ Ուզբեկստանի ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր են մտցվել հանրապետություն, սահմանափակվել և՛ բջջային կապը, և՛ ինտերնետը։

Կարակալպակստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ստանալը խնդրահարույց է, քանի որ ուզբեկական պաշտոնական լրատվամիջոցները չեն լուսաբանում իրադարձությունները, իսկ սոցիալական ցանցերը սահմանափակումներով են աշխատում։

Այդուամենայնիվ տարբեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկաններն ու Ազգային գվարդիան կրակ են բացել ցուցարարների վրա, ինչպես նաև օգտագործել են խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ։ Կան տեսանյութեր, որ համացանցում տարածում են տեղի բնակիչները։

Բողոքի ակցիաների սկսվելուց հետո Միրզիյոևն առաջարկել է Սահմանադրության նոր տարբերակում պահպանել Կարակալպաքստանի ինքնիշխանության մասին կետը։

Կարակալպակստանի Հանրապետությունը Ուզբեկստանի ամենամեծ շրջանն է

Կարակալպակստանի Հանրապետությունը Ուզբեկստանի ամենամեծ շրջանն է, և զբաղեցնում է երկրի տարածքի 40 տոկսը։ Այնտեղ ապրում է գրեթե 2 միլիոն մարդ։ Հանրապետությունում ճանաչված է երկու պաշտոնական լեզու՝ կարակալպակերեն և ուզբեկերեն։

Խորհրդային առաջին տարիներին գոյություն ուներ Կարա-Կալպակի ինքնավար մարզը, որը 1936 թվականին մտավ Ուզբեկական ԽՍՀ կազմի մեջ։ 1990 թվականին Կարակալպակի Գերագույն խորհուրդն ընդունեց Պետական ինքնիշխանության հռչակագիրը։ Սակայն մի քանի տարի անց՝ 1993 թվականին ստորագրվեց Կարակալպակստանի`Ուզբեկստանի կազմ մտնելու մասին միջպետական համաձայնագիր։ Այս համաձայնագրում նշված էր երկրից անջատվելու իրավունքը, ինչն ամրագրված է նաև Ուզբեկստանի գործող Սահմանադրությունում, որն էլ ուզում էր փոխել նախագահ Միրզիյևը։

XS
SM
MD
LG