Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Օդեսայի մարզը. ուկրաինական կողմը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին


Անցած գիշեր հրթիռակոծվել է Ուկրաինայի Օդեսայի մարզը։ Դրա հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 20-ի, 38 մարդ վիրավորվել է։ Զոհների և վիրավորների մեջ կան նաև երեխաներ։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ մեկ հրթիռ ընկել է ինը հարկանի բնակելի շենքի, մյուսը՝ Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի հանգստի կենտրոնի տարածքում գտնվող շենքի վրա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Օդեսայի մարզում զոհերի մասին լուրերը, ասել է, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում չեն թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները»։ Ուկրաինայի իշխանությունները, սակայն, պնդում են՝ ռուսական զորքերի թիրախավորած օբյեկտները ռազմական ենթակառուցվածքի հետ կապ չունեն։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սև ծովի ուկրաինական Զմեինի կղզուց կայազորի դուրսբերման մասին, բացատրելով դա «որպես բարի կամքի քայլ»։ Ուկրաինացի զինվորականներն, իրենց հերթին, հայտնել էին, որ ռուսները թողել են կղզին ուկրաինական ուժերի գնդակոծություններից հետո։

Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գտնվող կղզու նկատմամբ վերահսկողությունը էական նշանակություն ունի Օդեսայի տարածաշրջանի ափերի և Օդեսայի նավահանգստի վերահսկողության համար: Թեև ռուսները երեկ դուրս էին եկել ռազմավարական նշանակություն ունեցող կղզուց, իրավիճակը ռազմադաշտում երեկվանից ընդհանուր առմամբ փոքր-ինչ փոխվել է հօգուտ ռուսական ուժերի։

Ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի, ռուսական ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի և Լիսիչանսկ քաղաքի շրջակայքում: Բացի այդ, ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները Խարկովի և Դոնեցկի շրջաններում։ Այնուամենայնիվ, որոշ հատվածներում էլ ուկրաինական հակահարձակողական գործողությունների արդյունքում ռուսական ուժերը ստիպված են եղել ոչ թե առաջ գնալ, այլ՝ պաշտպանվել։

Ուկրաինան, դառնալով ԵՄ անդամի թեկնածու, ստացել է «շատ հստակ եվրոպական հեռանկար». Ֆոն դեր Լայեն

Մինչ ռազմական դաշտում փորձագետները արձանագրում են ռուսական ուժերի հերթական առաջխաղացումը՝ Կիևում այսօր նշել են ուկրաինական կողմի դիվանագիտական հաղթանակը։ Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր տեսակապի միջոցով ելույթ էր ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան, դառնալով Եվրամիության անդամության թեկնածու, ստացել է «շատ հստակ եվրոպական հեռանկար»։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին պատգամավորները ծափերով դիմավորեցին. Դահլիճ էր բերվել Եվրամիության դրոշը։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ խորհրդարանը կձգտի մինչև 2025 թվականն ընդունել ԵՄ-ին միանալու Կիևի պարտավորությունների հետ կապված բոլոր օրենքները։

Երբ կանդամակցի Ուկրաինան Եվրամիությանը, դեռ պարզ չէ, շատ բան թերևս նաև պատերազմի ավարտից կախված կլինի։

Արևմուտքի ճնշումը ստիպում է Ռուսաստանին և Բելառուսին ավելի արագ ինտեգրվել. Պուտին

Մինչ Կիևում ծափահարությամբ էին դիմավորում եվրամիության դրոշը, Ռուսաստանի նախագահը այսօր հայտարարեց Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն գործընթացները արագացնելու մասին։ Վլադիմիր Պուտինը, դիմելով Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանների ֆորումի մասնակիցներին, հայտարարել է, որ Արևմուտքի ճնշումը ստիպում է իրենց երկրներին ավելի արագ ինտեգրվել։

«Այսպես կոչված հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մեզ ստիպում է արագացնել միավորման գործընթացները։ Ի վերջո, միասին ավելի հեշտ է նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը», - նշել է Պուտինը։

Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է, որ նախկին ԽՍՀՄ երկրները «պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության հետ մերձեցմամբ՝ «եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունը և անկախությունը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG