Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակը «փաստորեն մեզ ոչ մի անձեռնմխելիություն չի տալիս ռուսական հրթիռներից, միայն այսօր կարծեմ ռեկորդային թվով հրթիռներ են արձակվել Ուկրաինայի վրա, եթե չվերցնենք առաջին օրերը», - հայտարարեց ուկրաինացի քաղտեխնոլոգ Բորիս Տիզենհաուզենը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
Անցած շաբաթ Եվրամիության առաջնորդները, ինչպես իրենք են որակել՝ «պատմական» որոշում են կայացրել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, այդ քայլը ողջունել է Ուկրաինայի նախագահը: Ի պատասխան «Ազատության» խնդրանքի՝ բացատրել այս իրադարձության կարևորությունը Ուկրաինայի համար, մասնավորապես՝ «այս կարգավիճակը կարո՞ղ է նպաստել պատերազմի ավարտին, և վերջապես դուք ձեզ ավելի ապահով կզգա՞ք», Տիզենհաուզենն ընդգծեց. - «Պուտինի համար, ռուսական ռազմական ղեկավարության համար բացարձակապես նույնն է, թե դու ինչ կարգավիճակում ես, եթե իհարկե դա ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ չէ: Եթե Ուկրաինան լիներ ՆԱՏՕ-ի անդամ, պատմությունը հավանաբար բոլորովին այլ կերպ կզարգանար»:
«Բայց վերադառնանք այս կարգավիճակին: 2014 թվականին, մեծ հաշվով, Յանուկովիչին տապալեցին հենց դրա համար, որ նա որոշեց շրջվել Եվրամիությունից դեպի Ռուսաստան, ընդ որում՝ հակառակ հասարակական կարծիքին: Այսինքն, Ուկրաինայում դա հնարավոր է, և դա հնարավոր է նաև ձեր երկրում, երբ հասարակությունն ասի՝ «ոչ, կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում, իսկ եթե դու՝ նախագահդ, չես ուզում, ապա թող, գնա»: Այդ ժամանակ տապալեցին Յանուկովիչին, ով փորձեց մեզ վերադարձնել Ռուսաստանի Դաշնության ծոցը», - նշեց ուկրաինացի քաղտեխնոլոգը՝ շարունակելով. - «Հիմա մենք վաղուց ենք գնում դեպի սա, եվրաինտեգրման ուղղությունը գրված է Ուկրաինայի Սահմանադրության մեջ, ուստի կարգավիճակը, իհարկե, լավ միջանկյալ փուլ է, բայց սա հեռու է վերջնական փուլից: Եվրամիությունը մեզ համար մի քանի առաջադրանք է պատրաստել, որպեսզի մենք կարողանանք որոշակի ժամկետում կատարել դրանք: Այս առաջադրանքների մասին ավելի մանրամասն կարող ենք խոսել հետո»: