ԱՄՆ-ը ուսումնասիրում է արգելված բեռներով նավթատարը վրացական Բաթումի նավահանգիստ մտնելու փաստը, այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։
«Իհարկե, մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Հարցը շատ կարևոր է, և բոլորը հետևում են նման տեղաշարժերին»,- ասել է դեսպան Դեգնանը։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ իրենք կշարունակեն «ուշադրությամբ հետևել պատժամիջոցները շրջանցելու բոլոր փորձերին»։ Թե ինչ փորձերի մասին է խոսքը, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան չի հստակեցրել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ նավթով բեռնված ռուսական նավը կայանել է Բաթումի նավահանգստում, ինչը երկրում ներքաղաքական բուռն վեճերի առարկա է դարձել։ Ընդդիմությունը պահանջել է անհապաղ հետաքննություն անցկացնել փաստի առնչությամբ, կառավարությունը, սակայն, պնդում է՝ հարցը փակված է։
Վրաստանի իշխանությունները հաստատել են՝ նավը մտել է Բաթումի նավահանգիստ՝ միաժամանակ շեշտելով, որ ո՛չ նավը, ո՛չ դրա սեփականատերը ներառված չեն միջազգային պատժամիջոցների ցուցակներում։ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթերը ստուգելիս է պարզել, որ նավը պատժամիջոցների ցանկում հայտնված բեռ է տեղափոխում։ Արդյունքում լցանավը վերադարձրել են՝ թույլ չտալով բեռնափոխադրում իրականացնել: