ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Թվիթերում տեղեկացնում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան»։
«Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը», - ասված է գրառման մեջ:
Չնայած Վաշինգտոնից հնչող հավաստիացումներին, որ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարն օրերս Բաքվում կրկին պնդել է՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի, հավելելով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։
Սերգեյ Լավրովի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և այդ գործընթացների հիմքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններն են։
Ադրբեջանի իշխանությունները ևս պնդում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը։
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը, մինչդեռ, վերջերս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։