Մատչելիության հղումներ

Ըստ Իոաննիսյանի՝ համայնքների խոշորացման հերթական փուլի նպատակը իշխանություն վերցնելն է


Արդեն հայտնի է, թե ովքեր են գլխավորելու իշխող ուժի համամասնական ցուցակները մի շարք խոշորացված համայնքներում, այդ թվում՝ Ալավերդիում, Բերդում, Թալինում, Չարենցավանում, Տաշիրում, Քաջարանում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Արդեն խոշորացված այս համայնքներին վերջերս ընդունված օրենսդրական փաթեթով էլի համայնքներ միացան։ Իսկ սա նշանակում է, որ աշնանը տեղական ինքնակառավարման ընտրություններ կանցկացվեն ու նոր ավագանի ու համայնքի ղեկավարներ կընտրվեն։ Մինչ օրենքի ընդունումը տարբեր համայնքներից մտահոգություններ էին հնչում, թե իշխանությունները խոշորացման են գնում՝ տեղերում գործող համայնքապետերին հեռացնելու կամ նրանց վերընտրվելու շանսերը նվազեցնելու համար։

Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը կգլխավորի իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Նա չի ընդունում այս մեղադրանքները, պնդում է, թե խոշորացման հերթական փուլը համայնքների զարգացման համար է։

«Սա կառավարության ստանձնած հանձնառությունն է, դա նաև կառավարության ծրագրում կա նշված, նաև մեր նախընտրական ծրագրում կա նշված՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների: Բնականաբար, խոշորացումից հետո կենտրոնացված բյուջեով շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում համայնքների զարգացման համար», - նշեց Մկրտչյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ հակված է մտածել, որ իշխանության փոփոխությունների նպատակն այդ համայնքներում իշխանություն վերցնելն է։

«Մոտիվացիան կարող է լինել հենց դա, ոչ թե այն, որ օբյեկտիվորեն համայնքը պիտի խոշորացվի կամ համայնքը պիտի փոքրացվի, այլ զուտ ՔՊ-ի ցանկությունը այդ համայնքներում իշխանություն վերցնելն է», - նշեց Իոաննիսյանը:

Իշխող ուժը մեկ այլ փոփոխություն է նախատեսում Ընտրական օրենսգրքում, որն էլ երեկ խորհրդարանական լսումների ընթացքում քննադատության արժանացավ։ Այս դեպքում փոփոխությունը համայնքների ղեկավարների ընտրությանն է վերաբերում։ ՔՊ-ականներն առաջարկում են այն կրկին փակ դարձնել, այն դեպքում, երբ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ քաղական ուժ չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին։ Սա իշխանության համար ավագանու անդամների վրա ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծում, երեկվա քննարկումներին հայտարարում էին քաղհասարակության ներկայացուցիչները։

«Իշխանությունը փորձում էր ճնշում գործադրել կամ տարբեր կերպերով համոզել, առնել, առնել պարտադիր չի փողով, օրինակ, ինչ-որ պաշտոն խոստանալով, ինչպես Մեղրիում փորձեցին անել ընդդիմադիրներին, որպեսզի այդ ընդդիմադիրը քվեարկեն ՔՊ-ի օգտին», - նշեց Իոաննիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողն ընդգծեց. «Ընտրողների տված քվեն խմբագրելը չստացվեց նրա հաշվին, որ ընդդիմադիր ավագանու անդամները ասում էին՝ ես չեմ կարող հրապարակային ճամբարափոխ լինել: Եթե այդ նիստը լիներ ոչ հրապարակային, հավատացեք, շատերը կհամաձայնվեին, եթե այդ քվեարկությունները լինեին գաղտնի, ինչպես այժմ առաջարկում է պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ապա ես վստահեցնում եմ՝ Մեղրիում, Վարդենիսում 99 տոկոս հավանականությամբ այժմ քաղաքապետը կլիներ «Քաղաքացիական պայմանագրից» և ոչ թե ընդդիմությունից»:

«Քաղաքացիական պայմանագրում» չեն ընդունում նաև այս մեղադրանքը։ Իսկ թե արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, դեռևս հայտնի չէ։ «Հայաստան» դաշինքից հայտնում են, որ այդ հարցով դեռ քննարկում չեն ունեցել, խորհրդարանական ընդդիմադիր մյուս խմբակցությունից մեր զանգերին առայժմ չեն պատասխանում։







XS
SM
MD
LG