Մատչելիության հղումներ

Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները գրեթե ամբողջ գիշեր փակ են պահել Սևան-Դիլիջան մայրուղին


Երևան-Դիլիջան ավտոմայրուղին փակ է մնացել մինչև վաղ առավոտ։ Համայնքների խոշորացմանն ընդդիմացող Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները ճանապարհը որոշել են բացել ժամը 4-ից հետո։

Այս երկու գյուղերը կտրականապես հրաժարվում են միանալ Սևան քաղաքին` թեև իշխանությունների շարունակական հավաստիացումներին, թե խոշորացումը նոր՝ ավելի ծավալուն ծրագրեր իրականացնելու հեռանկարներ է ստեղծում համայնքների համար:

«Մենք չենք ուզում միանալ Սևանին ու վսյո, մենք մեր գյուղով ուզում ենք ապրել, մեր գյուղի բյուջեով ուզում ենք ապրել, ուրիշ ոչ մի բան», - ասում է տեղացիներից մեկը:

Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերին Սևանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան։ Այսպիսով, այս գյուղերը փաստացի Սևանից են ղեկավարվում։ Ծովագյուղցիները դեմ են այս որոշմանը. դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին, որոնց արդյունքում էլ ավարտին հասցվեց խոշորացումը, այս գյուղերի և ոչ մի ընտրող քվեարկությանը չէր գնացել։ Միահամուռ բոյկոտել էին միավորման որոշումը։

Տեղական ընտրություններում հաղթել էր Սևանը 2016-ից ղեկավարող Սարգիս Մուրադյանի գլխավորած դաշինքը, նա էլ ընտրվեց համայնքապետ. «Մեր բյուջեն գնալու ա էնդեղ, հիմա տեսնում ենք` ստեղ ինչ մաքուր ա մեր գյուղը, եթե միանանք, էլ էդ բանը չի լինի»:

Ծովագյուղի գյուղապետարանից ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ 2021-ի իրենց բյուջեն ավելի քան 164 միլիոն դրամ է կազմել։

Երեկվա ցույցին մասնակցած ծովագյուղցիներից հետաքրքվեցինք՝ կոնկրետ ի՞նչ մտավախություն ունեն նրանք, ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սևանին միանալով իրենց կյանքն ու գյուղի առօրյան ինչո՞վ է տուժելու։ Մեկն ասաց՝ վախենում է, որ աղբը չի հավաքվի, ճանապարհների վիճակը կվատանա, թեև նման նախադեպ դեռ չի եղել. «Մտավախություն ունեմ, որ էգուց զիբիլն ստեղից դուրս չի գալու, նույնը մնալու է ստես, որ ձյունը գալիս ա, թաղ է թաղ մաքրվում ա, հիմա էդ չի մաքրվելու»:

Տղամարդկանցից մեկն էլ պնդեց՝ այժմ իրենց գյուղում վերանորոգված մանկապարտեզ, անվճար վարսավիրանոց կա. «Ահագին ներդրում է արվել գյուղում, աշխատանքները շատ են եղել ջրի հարցում, աղբահանության հարցով, ճանապարհների վերանորոգման հարցում, լուսավորությունը, սաղ գյուղը լուսավորված է: Հիմա որ միացավ, եթե բյուջեն միացավ Սևանին, էն մյուս գյուղերի նման կլինի` արդեն անտերության կմատնվի»:

Գյուղացիների կարծիքով՝ Սևան համայնքի կազմում իրենց թղթաբանական հարցերն էլ կբարդանան, մինչ այս ամեն ինչ արագ արել են, իսկ հիմա հերթեր կլինեն:

Երեկ Երևան -Դիլիջան մայրուղին ավելի քան 16 ժամ փակ պահած ցուցարարները պահանջում էին հանդիպում Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ։

Սանոսյանը նրանց լսելու չեկավ, բայց գյուղացիներին դիմեց խորհրդարանի ամբիոնից։ Նախարարը ցուցարարների մտավախություններին ի պատասխան պնդեց՝ Ծովագյուղի համար նախկինում ծախսված միջոցները գյուղից դուրս չեն գա:

«Կարող եմ պատասխանատու կերպով ասել՝ այն բոլոր գումարները, որ վերջին տարիներին ծախսվել են Ծովագյուղում, հիմա նորից կծախսվեն Ծովագյուղում, բայց ավելի շատ, ինչո՞ւ, որովհետև իրենց խոշորացման արդյունքում հնարավորությունները մեծացել են։ Այսինքն՝ դա թյուր կարծիք է, որ միավորման արդյունքում իրենց համայնքը կարող է տուժել, չի՛ տուժի։

Առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ, կուզեն` մենք կգնանք գյուղ, կուզեն մարզպետարանում, կուզեն Երևանում, ցանկացած տեղ, կարող ենք գնալ, հանդիպել, քննարկել», - հավաստիացրել էր նախարարը։

«Ազատությանը» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Սևանի համայնքապետից։ Երեկ տարածքային կառավարման նախարարը վերստին հավաստիացրեց՝ կառավարության տեսակետն է, որ միավորված համայնքում ոչինչ փոխելու կարիք ու անհրաժեշտություն չկա։ Չնայած գյուղացիների հոռետեսական կանխատեսումները առայժմ իրականություն չեն դարձել, աղբը հավաքվում է, լուսավորությունն էլ չի վատացել, բայց նախարարի այս հավաստիացումները չեն համոզում իրենց համառությամբ հայտնի ծովագյուղցիներին ու սեմյոնովկացիներին։

XS
SM
MD
LG