«Մեծ Բրիտանիան ուկրաինացի զինծառայողների մարզման լայնածավալ ծրագիր է սկսում», - Միացյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն այս մասին հայտարարել է ուրբաթ երեկոյան՝ Կիևի կատարած այցի ընթացքում։
Ջոնսոնի խոսքով՝ բրիտանացի զինվորականները ամեն 120 օրը մեկ 10 հազարական ուկրաինացի զինծառայողների համար արևմտյան սպառազինության տիրապետմանն ուղղված արագացված վարժանքներ կկազմակերպեն։
Բորիս Ջոնսոնի այցը Ուկրաինա նախապես ազդարարված չէր։ Դեռ ուրբաթ առավոտյան վարչապետի գրասենյակը պնդում էր, որ Ջոնսոնը մեկնելու է Դոնքաստեր՝ Պահպանողական կուսակցության համաժողովին մասնակցելու նպատակով։
Լոնդոնյան The Guardian-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի կուսակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են ծագել, որ կառավարության ղեկավարը համախոհների հետ ներքաղաքական լարված իրավիճակն ու Հյուսիսային Իռլանդիայի շուրջ ԵՄ-Մեծ Բրիտանիա դիվանագիտական ճգնաժամը քննարկելու փոխարեն, առանց նախազգուշացման մեկնել է Կիև։