Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախապես չհայտարարված այցով մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Դա պատերազմի մեկնարկից հետո Ջոնսոնի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Անցած անգամ նա ապրիլի 9-ին է մեկնել Կիև:
«Ուրախ եմ վերստին գտնվել Կիևում», - Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:
Նախագահ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինային ծանր սպառազեն տրամադրելու, տնտեսական աջակցություն ցույց տալու, անվտանգության երաշխիքներ ապահովելու և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունները:
Ջոնսոնն առաջարկել է ծրագիր, որով 4 ամիսների ընթացքում Բրիտանիայում կկարողանան հատուկ ուսումնական պատրաստություն անցնել մինչև 10-ը հազար ուկրաինացի զինծառայողներ:
Ուկրաինայի պատերազմի հարցում Լոնդոնը չափազանց կոշտ դիրքորոշում է որդեգրել Մոսկվայի հանդեպ:
Նախօրեին Կիև են այցելել Եվրամիության չորս երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարները:
Եվրոպական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկին: