Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին


«ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար», -հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նշելով, որ այս տարի նշվում է ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը, Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Բազմիցս ենք նշել, որ սա լավ հնարավորություն է իմի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: Այս համատեքստում, իհարկե, Խորհրդարանարական վեհաժողովի խորհրդի դերը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ ՀԱՊԿ փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն: Կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատը ստեղծում է դրա համար առավել լայն հնարավորություններ»:

Վարչապետը ասել է, որ վերջին անգամ՝ 2019-ին այս ֆորմատով հանդիպումից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ «կորոնավիրուսի հետ կապված, բացի այդ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է». «Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:»:

«Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանրապես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև:

«Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»,- ասել է պարոն Վոլոդինը՝ հավելելով, որ խորհրդի նիստի աշխատանքները սովորաբար սկսում են ՀԱՊԿ-ն նախագահող երկրի առաջնահերթությունների քննարկումներից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: Վերջինիս հետ կապված վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:

Հունիսի 17-ինԵրևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG