Մատչելիության հղումներ

«Հազար ջահելից էլ լավ եմ պահում». զոհված զինծառայողի 62-ամյա մայրիկ


3 ամիս է` Գոհար Սարգսյանը սկսել է ժպտալ։ Մոռացել է քրոնիկ ու անցողիկ բոլոր հիվանդությունների մասին:

«Ինչ Գարիկը ծնվել է, հլը շաքարս չեմ չափել, ինսուլին եմ ստանում, բայց չեմ չափել, չգիտեմ` շաքարս բարձր է, ցածր է, ես իմ դեղերը խմում եմ, լավ եմ զգում», - ասում է նա:

«Մեզ բուժում է, որ իրեն լավ խնամենք», - նկատում է մայրիկը։ 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է փոքրիկ Գարիկ Դավթյանը:

«Արդեն ոնց որ ասած` մի բան կա, կյանքի իմաստ կա, իր համար ենք ապրում արդեն, ամեն ինչը փոխվել է դեպի լավը: Ճիշտ է` կյանքում չենք մոռանա Գարիկիս ոչ մի բանը»:

Միակ որդուն կորցնելուց հետո Դավթյաններին հարազատները համոզեցին դիմել վերարտադրողական կենտրոն՝ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալ: Ամեն ինչ հաջող գնաց, ու այս փետրվարի 20 ին պստիկը ծնվեց. «Մենք շատ ճիշտ բան արեցինք, ճիշտ է` մեղադրողներ էլ մեզ եղան, ասում էին` մենակ ձեր մասին եք մտածում էդ երեխային պահելու հարցով, բայց մենք ճիշտ բան ենք արել»:

«Բոլորի ինադու լիքը ապրելու ենք»,- ժպտում է Գոհար մայրիկը: Նա 62 տարեկան է: Դավթյանները միակն են, որ հասցրեցին երեխա ունենալ, քանի դեռ օրենքը չէր փոխվել:

Կառավարությունն այս պատերազմում երեխա կորցրած ընտանիքների համար անպտղության հաղթահարման ծրագրին զուգահեռ օրենքով տարիքային սահմանափակում մտցրեց. Հայաստանում վերարատադրողական օժանդակ միջոցներից կարող են օգտվել մինչև 53 տարեկան կանայք:

«Հազար հատ ջահելից էլ լավ եմ պահում», - նշում է Գոհար Սարգսյանն ու իր օրինակով ասում՝ անսահման ուժ է հավաքել պստիկին տուն բերելուց հետո: Ասում է՝ ինչո՞ւ է պետությունը կարծում, որ մենք մեր երեխայի ապագան չենք պլանավորում, նույնիսկ առանց մեզ. «Ես եթե ռիսկ եմ անում այդ քայլին, պետությունն ի՞նչ պիտի անի ինձ: Իմ երեխան, Աստված չանի, եթե մենք… փոքր էլ եղավ, այնքան պահող ունի, տունն ունի, տեղն ունի, պահողներն էլ` լիքը, բայց մենք այդ վատը չենք մտածել: Պետությունն ինչո՞ւ է մտածում մեր փոխարեն»:

Թե փոքրիկի խնամքի հետ կապված ինչ դժվարություններ են եղել առաջին շաբաթների ընթացքում, մայրիկն ուզում է հիշել ու չի ստացվում: Ճիշտ է, ասում է, այնպես չէր, ինչպես 24 տարի առաջ: Փոխարենը հիմա ինքնաբուխ օգնողներն են շատ, հարևանուհին փոքրիկի լոգանքի պատասխանատուն է, ամուսնու եղբոր կինը անընդհատ տարածքում է, այդպես ուշադրության ամենակենտրոնում են:

3 ամիս է, ինչ Գարիկը լույս աշխարհ է եկել, բայց ընտանիքը դեռևս չի ստացել այն գումարը, որ պետությունը նախատեսել է որդի կորցրած կանանց համար: Անվճար արհեստական բեղմնավորում, 600 հազար դրամ դոնորական մեկ ձվաբջջի համար ու մինչև 5.5 միլիոն դրամ փոխնակ մոր ծառայության դիմաց։ Դավթյանները որդու զոհվելուց հետո հիմնադրամից ստացած գումարով են հոգացել փոխնակ մոր թանկարժեք ծախսերը ...մի քանի ամիս է` սոցապի թեժ գծից նույն նախադասությունն են լսում. «Ասել են` չկա հլը ընթացակարգ, էսօր էլ նույնն են ասել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ կառավարության նախավերջին նիստում գումարների վճարման ընթացակարգը վերջապես ընդունվել է: Թե ինչու այդ տեղեկատվությունը թեժ գծի սպասարկողներին չի հասնում, հասկանալի չէ: Դավթյանների դեպքում, սակայն, ծրագիրը 50 տոկոսով է գործելու:

«Մեկ-երկու ընտանիքներ, ովքեր արդեն փոխնակ մոր ծառայություններից նախորդ տարի սկսել էին պրոցեսը, իհարկե իրենց միջոցներով, իրենց ռիսկով և այլն, և որպեսզի այս մարդիկ չտուժեն, որովհետև մեծ ծախս է ինքը, որոշեցինք, որ կարելի է այս մարդկանց նույնպես ընդգրկել, բայց քանի որ ծրագիրն ընդունվելուց առաջ է, ոնց որ այս մարդիկ արդեն դիմել էին փոխնակ մոր ծառայությանը, որոշեցինք, որ իրենց գոնե 50 տոկոսով կարելի է վճարել», - հայտնեց Դավիթ Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով՝ զոհված զինծառայողի շուրջ 50 ընտանիք է իրենց դիմել փոխնակ մոր ու դոնորական ձվաբջջի միջոցով երեխա ունենալու համար: Գոհար Սարգսյանն ասում է՝ պետության աջակցությունը լիներ-չլիներ, միևնույնն է` փորձելու էին: Այն գումարը, որ շուտով կստանան, մտադիր չեն ծախսել. «Ուզում ենք երեխու անունով գցենք, հենց դա կլինի իրեն օգնություն, էդքան որ մտածում են, գոնե ավանդ գցենք երեխայի անունով, ինքը մեծանա, անունով փող ունենա: Դա ես էլի չեմ ծախսելու»:

Տարիուկես առաջ Արտաշատի Մասիս գյուղի այս փողոցում աշխուժությունը լռեց՝ դիմացի տանն ապրող հարազատներն անգամ Դավթյաննների տուն դժվարանում էին մտնել, այնքան ծանր մթնոլորտ էր: Հիմա այս փողոցում եղանակ է ստեղծում փոքրիկ Գարիկը: Նրա մանկասայլակն անընդհատ ձեռքից ձեռք է անցնում՝ զբոսանքը գյուղի ամենաարևոտ տեղերով:

XS
SM
MD
LG