Մատչելիության հղումներ

«Ոնց որ լույս բացվեց». պատերազմում զոհված Վանիկի ծնողները դուստր են ունեցել


Վախենում եմ, ծիծաղում է 52 -ամյա Վարդան Ռաֆայելյանն ու չի գրկում իր արդեն 15 օրական փոքրիկին:

Սպասում է` մի քիչ քաշ հավաքի, ու պստիկին վնասելու իր սարսափն անցնի: 2 կիլոգրամ ու 370 գրամ քաշով է ծնվել՝ ամենափոքր հագուստների միջից անգամ սահում է: Վանեն արցախյան պատերազմում զոհված Վանիկ Ռաֆայելյանի քույրն է:

«Վանիկս էլ ա սենց սևուկ ծնվել, ճակատը մազով, Վանիկիս շատ նման է: Առաջին անգամ որ ինձ տվեցին երեխային, ոնց որ Վանիկիս գրկեի: Գրկել եմ ու լացել եմ», - պատմում է Անգելինա Ռաֆայելյանը:

Ռաֆայելյանների միակ որդին` 27-ամյա Վանիկ Ռաֆայելյանը Ցորի սպաներից էր, պատերազմական առաջին օրերի զանգերը միայն ոգևորող էին. «Ասում էր` քառօրյան անցանք, էս էլ կանցնենք, մամ ջան, ի՞նչ ա եղել որ, ասում էր»:

Ծնողները պատմում են՝ հետո հասկացան, որ սա ուրիշ կռիվ է: Վարդան Ռաֆայելյանը 90 -ականների պատերազմին է մասնակցել. «Մեր ժամանակինը չի, էս պատերազմն արդեն լրիվ ուրիշ է, ողջ անձնակազմը մի օրում ջնջվել ա»:

Հոկտեմբերի 12-ից որդու հետ կապը ընդհատվեց, հետո իմացան՝ վիրավորվել է Ջաբրայիլում, տեղափոխել են երևանյան հիվանդանոց, այդտեղ էլ մահացել է: Ծնողները մի քանի շաբաթ Վանիկի նկարով հիվանդանոցներով են շրջել, մտել այն նույն հիվանդանոց, որտեղ իրենց վիրավոր որդին է եղել, ասել են` չկա, շատ ավելի ուշ դիահերձարանից են զանգել:

«Զանգեցին Վարդանի համարին, ասացին` բա գիտեք, մենք նմանացնում ենք ձեր որդուն` Հերացի մորգից, ես դա լսեցի հեռախոսով»:

Վարդան ու Անգելինա Ռաֆայելյաններին չարչարում է միտքը, որ որդին այստեղ` Երևանում վիրավոր է եղել, շնչել է, իրենք տեղը չեն գտել. «Վիրավոր ա եղել, ցավը էդ ա, շուտ ասած լինեին, մենք ինչ-որ մի բան անեինք էլի: 12-ի գիշերն են բերել, երեխես 15-ի գիշերն է մահացել վիրահատության ժամանակ», - ասում է մայրը:

«Մեղադրելու չի մեր բժիշկներին, մարդիկ շփոթված էին, թեկուզ մի վայրկյան տեսնեինք շնչելու պահին», - նկատում է հայրը:

Տան մի անկյունը Վանիկինն է. այստեղ մարտական ծառայության մեդալն է, նրա զինվորական պարագաները, իր ձեռքով պատրաստած նվերը մայրիկին: Ռաֆայելյանները 23 ու 27 տարեկան դուստրեր ունեն, 5 թոռ, որ ապրում են ուրիշ տներում: Վանեի ծնունդը պլանավորեց նախ տան հայրը:

Հետո 48-ամյա Անգելինան Պտղաբերության կենտրոնում վերարտադրողական մի քանի գործընթացներով անցավ: Առաջին երկու սաղմերը նրա օրգանիզմում չամրացան, անցան երկրորդ փուլին, ու Վանեի սաղմը ամուր տեղավորվեց: Հղիության 13 -րդ շաբաթից Անգելինան արդեն Էրեբունի բուժկենտրոնի բժիշկների հսկողության տակ էր. նրա վիճակը մի քիչ բարդացրել էր քովիդը, բայց ամեն ինչ հաղթահարեց, բժիշկների նվիրած Նարեկը հիմա Վանեի գլխավերևում է:

Ոնց որ լույս բացվեց, հայրն այսպես է նկարագրում իրենց հոգեվիճակն ու տան մթնոլորտը: Վարդան Ռաֆայելյանը, որ անընդհատ փոքրիկի մասին խոսելիս միայն ծիծաղում է, չի թաքցնում՝ երազում էր տղա ունենալու մասին:

Որոշել են՝ Վանեին ոտքի կանգնեցնելուց հետո առաջ անցնել և մեկ երեխա էլ ունենալ՝ թող լինի տղա, թող լինի աղջիկ, միայն տունն աղմուկով լցվի: Տան բոլոր գործերը հիմա Վարդանի ուսերին են, նաև տնային գործերը: Միայն մայրիկը աչքը Վանեից չկտրի. «Տները մաքրում եմ, ինչ հնարավոր է, իմ ուժերի մեջ, անում եմ»:

Տագնապից իրեն կորցնում է, երբ Վանեն լացում է, «վախենում եմ», էլի է կրկնում Վարդանը։ Հիմա ընտանիքի հոր ուշքնումիտքը տնտեսությունը մեծացնելն է, որ Վանեն ոչ մի բանի պակաս չզգա: Անասնապահությանը զուգահեռ ջերմոցային հեկտարներն է ավելացնում. ողջ գիշեր աշխատում եմ, ասում է. «Լույսը կախում եմ իրիկունը, լուսավորում եմ, աշխատում եմ»:

52-ամյա հայրիկը 48-ամյա մայրիկի մայրությունը հատուկ արարողակարգով չի շնորհավորել, ծաղիկ էր պետք, ծաղիկը մեր գրկում է, ասում է. «Մի մեծ ծաղիկ, մի կյանք ծաղիկ եմ նվիրել, դրանից թա՞նկ ծաղիկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG