Կարինե Դալլաքյանը պատերազմից հետո ապրելու ձևեր է փնտրում. զոհված որդու՝ հրետանավոր Կարենի ննջարանը վերածեց հիշատակի սենյակի՝ ամենուր տղայի իրերն են՝ գրպանից գտած հինգ հազարանոցից մինչև սամբոյի գովասանագրեր ու անհաշվելի թվով լուսանկարներ: Իրեն զբաղեցնելու համար նկարների տեղերը պարբերաբար փոխում է:
«Հիմա էլի Կարենի հետ եմ ապրում, բայց անշունչ Կարենի հետ», - ասաց Դալլաքյանը:
Մի պատին որդու նկարն է ողջ հասակով՝ Կարինեն անընդհատ զրուցում է հետը՝ նույնիսկ օրվա ընթացիկ թեմաներով։ Մայրն ասում է՝ ոչինչ չի օգնում։ Կարենը միակ երեխան էր, ամուսնու հետ որոշեցին փոքրիկ ունենալ. «Էդ էրեխեն գոնե ինձ ապրելու իմաստ տա, ստիպի ես ապրեմ»:
Տեղյակ էին՝ պետությունն ազդարարել է՝ պատերազմում որդի կորցրած մայրերի համար աջակցության ծրագիր է գործում. արհեստական սերմնավորման, բեղմնավորման, փոխնակ մոր ծառայություններ, այս կանայք կարող են ստանալ պետպատվերով, անվճար և առանց որևէ սահմանափակման:
«Տարիքային սահմանափակում, անզավակ լինելու պայման, զագսում գրանցված լինելու սահմանափակում՝ իրենց նկատմամբ որևէ սահմանափակում չի տարածվում», - ասաց Առողջապահության նախարարության վարչության պետ Նունե Փաշայանը:
Փաշայանն այս տարվա փետրվարին էր ներկայացնում ծրագրի մանրամասները, շեշտում էր՝ անպտղության հաղթահարման ծրագրի սահմանափակումները հանվել են՝ զոհվածների մայրերին նորից մայրանալու հնարավորություն տալու համար:
«Դիմել եմ Առողջապահության նախարարություն, նամակը ստացել եմ, որ իրանք մի ամիս կամ մի փոքր ավելի փոխել են օրենքը, մինչև 53 տարեկան», - նշեց Կարինե Դալլաքյանը:
56-ամյա Դալլաքյանը զարմանում է՝ դիտել էր նաև «Ազատության» պատրաստած պատմությունը Գևորգ ու Գոհար Դավթյանների մասին, որ փոխնակ մոր օգնությամբ ծնող դարձան 60 տարեկանում, պետությունն այս դեպքում վճարեց արհեստական բեղմնավորման գործընթացի համար, իսկ փոխնակ մոր գումարը Սոցապ նախարարությունը դեռ չի վճարել, ասում են՝ ծրագիրը կա, բայց ընթացակարգը կառավարությունը դեռ չի հաստատել:
«Սա Սոց նախարարության խնդիրն ա, քանի որ փոխհատուցումը պետք է տրվի իրենց կողմից: Կարծում եմ ՝ կտրվի, այստեղ որևէ խնդիր չի կարող լինել», - նշեց Փաշայանը:
Ի՞նչ տարիքային սահմանափակման մասին է խոսքը, եթե հայտարարվել էր, որ որևէ սահմանափակում չկա այս ծնողների համար, հարցրինք Առողջապահության նախարարության վարչության պետ Նունե Փաշայանին:
«36 տարեկան տարիքային շեմն իրենց համար վերացվել է, բայց օրենքով սահմանված շեմը 53 տարեկան է և կարծում եմ, կառավարության որոշմամբ մենք չենք կարող գերազանցել այդ շեմը», - պատասխանեց նա:
Ընդհանրապես անպտղության հաղթահարման ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 36 տարեկան կանայք, այս շեմն է հանվել զոհված զինվորների մայրերի համար, բայց նախորդ տարվա հունիսին մեկ այլ սահմանափակում է դրվել մարդու վերարտադրողական առողջության մասին օրենքով՝ երեխա ունենալու օժանդակ միջոցներից Հայաստանում կարող են օգտվել մինչև 53 տարեկանը: Ինչո՞ւ է նման որոշում ընդունվել հետպատերազմական Հայաստանում:
«Ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2021 թվականին, վերածնվել է 2021 թվականին: Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետև նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլև մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու և հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս», - հայտարարել է վարչապետը:
Վարչապետ Փաշինյանը ամանորյա ուղերձում այս տարվա նշանաբան էր հռչակել վերածնունդը և հույս հայտնել, որ բազմաթիվ ընտանիքներում նահատակների անունները կրող զավակներ կծնվեն: Ինչո՞ւ է 53 տարեկանից բարձր տարիք ունեցողներին արգելվում, օրինակ, փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալ: Նախարարության ներկայացուցիչն ասում է՝ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 73 է՝ «հաշվեք ինքներդ»:
«Երեխայի լավագույն շահից, որովհետև որոշակի երեխայի պահանջմունքներ ևս պետք է բավարարվի, իսկ մեծ տարիքում մեծահասակ ծնողը միշտ չէ, որ կարող է ապահովել երեխայի թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական կարիքները», - ընդգծեց Փաշայանը:
60-ն անց Գևորգ ու Գոհար Դավթյանները պետական աջակցության ծրագրից օգտվել են միայն այն պատճառով, որ հասցրել են փոքրիկին պլանավորել օրենքի փոփոխությունից ընդամենը մեկ ամիս առաջ. այժմ նրանց մինուճարը, որ զոհված եղբոր՝ Գարիկի անունն է կրում՝ ակտիվ քաշ է հավաքում ու ծնողների ուշադրության ամենակենտրոնում է:
«Ես էլ կարող եմ», - ասում է 56-ամյա Կարինե Դալլաքյանը, - «Էն պահին, որ արդեն երեխան լինի, ես երեխուց ավելի շատ կենդանություն կառնեմ, ավելի շատ երեխայովս կզբաղվեմ»:
Զոհված հրետանավորի մայրը հույսը դեռ չի կորցրել՝ գիտի՝ իր համար օրենք չեն փոխի, բայց շատ է ուզում, որ մի տարբերակ գտնեն ու այս տանն էլ մի փոքրիկ աղջիկ կամ տղա աղմկի: