Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ առաջիկայում տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման շուրջ կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այժմ կողմերը աշխատում են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, ապա հավելել, որ քննարկումների ընթացքում Բաքուն ու Երևանը կարողացել են մի շարք հարցերի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։ Ո'չ փաստաթղթի, ո'չ էլ դիրքորումների մասին կոնկրետ մանրամասներ, սակայն Բայրամովը չի փոխանցել։
Ադրբեջանական դիվանագիտության գերատեսչության ղեկավարի համոզմամբ, տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու՝ ինչպես ավտոճանապարհների, այնպես էլ երկաթուղային ուղիների բացմամբ Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի. - «30 տարվա ընթացքում սահմանազատման հետ կապված գործնական ոչ մի քայլ չի արվել օկուպացիայի պատճառով: Այժմ եկել է ժամանակը լուծելու այդ հարցը օրենքի շրջանակներում: Արդեն տեղի է ունեցել հանձնաժողովների առաջին նիստը բրյուսելյան հանդիպումից հետո: Սա մեծ ճանապարհի սկիզբն է, առաջին քայլը: Այս նիստը բրյուսելյան հանդիպման շատ կոնկրետ արդյունքն է»:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպել էին երեքշաբթի օրը։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը կայացել է Երասխի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Գրիգորյանը և Մուստաֆաևը նաև տրանսպորտային ապաշրջափակման հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովի անդամներ են։
Բայրամովը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը համակարգված քայլեր է ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և նշել, որ ադրբեջանական կողմից դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարությունը կավարտվի 2023 թվականին: Նա նաև հայտնել է, որ համագործակցում են հարևան Իրանի հետ ու այլընտրանքային ճանապարհ կառուցում Իրանի տարածքով, և առաջիկայում այս ուղղությամբ հերթական քայլերը կարվեն:
Պատերազմից հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած երեք շրջաններում իրականացվող շինարարակական աշխատանքներին այսօր ծանոթացել են Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը։ Ալիևները Ֆիզուլիում հետևել Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի, Ջաբրաիլում՝ Հորադիզ-Աղբենդ երկաթուղու Սուլթանլը կայարանի, Զագելանում՝ միջազգային օդանավակայանի շինարարությանը։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ Մոսկվայում կայանալիք հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ։ Մոսկվայից հետո հանձնաժողովականները կհանդիպեն Բրյուսելում։