Ուկրաինայի պատերազմում գրեթե 4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, որից 259-ը երեխաներ են։
Ավելի քան 2 հազար 106-ը զոհվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, իսկ ռուսամետ անջատականների կողմից վերահսկվող տարածքներում զոհվել է 128 խաղաղ բնակիչ։
Պատերազմի երեք ամիսների ընթացում վիրավորվել է 4 հազար 600 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը՝ նշելով, որ թվերը կարող են ավելի բարձր լինել, քանի որ պատերազմական թեժ վայրերից տվյալները հնարավոր չէ արագ ճշտել։
Պատերազմի պատճառով ավելի քան վեցուկես միլիոն ուկրաինացի փախստական է դարձել։ Դրանց մեծ մասին ընդունել է Լեհաստանը՝ երեքուկես միլիոն։
Գրեթե 1 միլիոն մարդ փախել է Ռումինիա, 650 հազարը՝ Հունգարիա, 470 հազարը հայտնվել է Մոլդովայի տարածքում։
Ռուսաստան է մեկնել 940 հազար ուկրաինացի։ Մոտ 8 միլիոն մարդ է լքել իր տունը և տեղափոխվել Ուկրաինայի ավելի խաղաղ շրջաններ։ Տեղահանվածների կեսից ավելին կանայք են։