Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակն ու զարգացումները:
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ` ընդգծելով, որ Երևանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել:
Խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, ասել է Գիտանաս Նաուսեդանը` հավելելով, որ Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը:
Նրանք նաև ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Լիտվայի նախագահին առավոտյան ընդունել է նախագահ Վահագն Խաչատրյանը: Վերջինիս հետ հանդիպմանը Գիտանաս Նաուսեդանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը:
Լիտվայի նախագահը երեկ է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Նախքան այս նա Բաքվում էր, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը։
Ադրբեջան այցից ևս Լիտվայի նախագահը խոսել է. «Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումներն ու դիրքորոշումը: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր է, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա», - ասել է նա նախագահ Խաչատրյանին: