Ընդդիմադիրների հավաքներին մասնակցող Իգոր Խաչատուրովը, ով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է, երեկ ձերբակալվել է՝ ոստիկանին հարվածելու կասկածանքով։
Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանը ստացած հարվածից կորցրել է գիտակցությունը։
Կոմիտեից հաղորդում են, որ նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ առավոտյան ժամը 08:30 ընդդիմության աջակիցները փակել էին Երևանի փողոցներից մեկը։
«Նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապահից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյուքնում վերջինս կորցրել է գիտակցությունը։ Պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է», - մանրամասնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նախկին բարձրաստիճան զինվորականի որդուն վերագրող արարքը պատժվում է դրամական տույժից մինչև առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ։
«Սուտ են ասում, փաստ չունեն»
Ընդդիմադիրները երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե բոլոր բերման ենթարկվածները քաղբանտարկյալներ են, և որ ոստիկանությունն իրենց աջակիցներին վերագրում է արարքներ, որոնք նրանք չեն կատարել։
«Սուտ են ասում, փաստ չունեն։ Ոստիկանությունը Նիկոլի հրահանգով կոնկրետ սադրանքների է դիմում, էս էլ որերորդ դեպքն է, ֆիքսված ունեն մարդիկ, ում ուզում են, կեղծ, շինծու մեղադրանքներով, կարված գործերով տանել ձերբակալման։ Էս արդեն ակնհայտ փաստ», - ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Երեկ բերման ենթարկվածների թիվն ամենամեծն էր ընդդիմության անհնազանդության ակցիաների մի քանի շաբաթների ընթացքում՝ 414 քաղաքացի։
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ նախորդ օրերի համեմատ, երեկ շատ են եղել նաև դեպքերը, երբ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ու մարմնական վնասվածքներ հասցրել ցուցարարներին։
Հրապարակված հայտարարությունում Պաշտպանի գրասենյակը նշել է, որ նաև հակառակ գործողություններ էլ են եղել, երբ հավաքի մասնակիցներն են վիրավորել ոստիկաններին՝ նսեմացնելով նրանց արժանապատվությունը, վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող մարդկանց մեքենաներին։
Վերջին տվյալներով՝ ոստիկանների նկատմամբ հարուցված որևէ քրեական գործ դեռ չկա, ընթանում են մոտ երեք տասնյակ ծառայողական քննություններ։ Չորս ցուցարարների նկատմամբ, սակայն, մեղադրանքներ առաջադրվել են, երկուսը կալանավորված են։