«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան», - նախօրեին ասել է նախագահ Էրդողանը՝ արձագանքելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտարարություններին։
«Ասում են՝ երկուշաբթի Թուրքիա են գալու: Գալու են մեզ համոզելու։ Կներեք, բայց թող նեղություն չքաշեն: Նախ և առաջ մենք չենք կարող այո ասել նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ նրանք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն այլևս չի լինի անվտանգային կառույց, կվերածվի ահաբեկիչների կենտրոնացման տեղի: Հնարավոր չէ հավանություն տալ սրան: Ներեցեք, բայց մենք նույն թակարդը կրկին չենք ընկնի», - ասել է Էրդողանը:
Չնայած Անկարայի բացահայտ առարկությանը, այսօր Շվեդիայի արտգործնախարարը արդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը: Իսկ այցով Շվեդիայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այդ երկրի խորհրդարանում ասել է, թե լավատեսական է տրամադրված և վստահ է, թե կկարողանան համաձայնության գալ Թուրքիայի հետ:
«Մենք հիմա ընդհանուր մարտահրավերի առաջ ենք: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայից հնչող հայտարարությունները շատ արագ փոխվեցին՝ դառնալով ավելի կոշտ: Սակայն համոզված եմ, որ կկարողանանք հարթել իրավիճակը կառուցողական քննարկումների ճանապարհով», - ասել է Նինիստոն:
Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կաջակցեն իրենց անդամակցությանը, և գործընթացը կարճ ժամանակում կավարտվի:
Թուրքիայի նախագահը, սակայն, դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ Անկարան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությանը և նույնիսկ ակնարկել, թե կարող է վետոյի իրավունքով արգելափակել այդ գործընթացը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկանդինավյան երկրներին մեղադրել էր քուրդ զինյալներին և Թուրքիայում ահաբեկիչ համարվող այլ անձանց ապաստանելու համար և այդ պետություններն անվանել «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն»։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այսօր պնդել է, թե մինչ օրս Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային ոչ մի ահաբեկիչ չեն արտահանձնել, միայն սին խոստումներ են տվել: Վերջին հինգ տարում Անկարան այդ երկրներից պահանջել է արտահանձնել 33 մարդու, որոնք, ըստ թուրքական կողմի, առնչություն ունեն գյուլենական շարժման և քրդական զինված խմբավորումների հետ:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետոյի իր իրավունքը չկիրառելու համար Հելսինկիի և Ստոկհոլմի առաջ պայմաններ է առաջ քաշում՝ «դադարեցնել իրենց երկրներում ահաբեկչական խմբավորումների աջակցությունը», «ապահովել անվտանգության հստակ երաշխիքներ», «չեղարկել Թուրքիայի արտահանման արգելքները»։
Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ մյուս երկրները չեն առարկում Ռուսաստանի սկանդինավյան հարևանների անդամակցությանը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր հույս է հայտնել, որ ռազմական դաշինքի անդամ երկրները կկարողանան հաղթահարել տարաձայնությունները և կաջակցեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:
Օրերս նույն կարծիքն էր հայտնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր. - «Թուրքիան կարևոր դաշնակից է, և պետք է փարատել անվտանգության հետ կապված Անկարայի մտահոգությունները; Վստահ եմ, որ կկարողանանք փոխզիջման հասնել, համաձայնության գալ, թե ինչպես առաջ շարժվել այս հարցում»:
Թուրքիայից բացի, Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում բացասական դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը, որն Ուկրաինա էր ներխուժել նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությանն ի պատասխան։ Մոսկվան հայտարարում է, թե սկանդինավյան հարևանների որոշման հետ խնդիր չունի, բայց Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի այդ երկրների տարածքներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման պարագայում։
Հիմնադրումից ի վեր, 73 տարվա ընթացքում ռազմական դաշինքի անդամների թիվը հասել է 30-ի: Վերջինը կառույցին միացել է Հյուսիսային Մակեդոնիան՝ 2020 թվականին։
Արևմտյան մամուլը գրում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումի հաստատման դեպքում անդամակցության վավերացումը բոլոր անդամ երկրների կողմից կարող է մինչև մեկ տարի տևել։