Մատչելիության հղումներ

Վերիմաստավորելով եռատոնը. շուշեցի Արփիի համար ճգնաժամը ոչ թե ընկրկելու, այլ պայքարելու առիթ է դարձել


Առաջին մասնագիտությամբ մանկավարժ, 44-օրյա պատերազմում եղբորն ու հարազատ քաղաքըը կորցրած շուշեցի Արփին ամենածանր հարվածներից հետո է մտածել սեփական գործը սկսելու մասին։

«Որոշեցի ոչ թե հոգեբանների այցելեմ, այլ նոր մասնագիտություն ձեռք բերեմ, որովհետև այդ ընթացքում անընդհատ շփվում ես, խոսում ես, ինչ-որ բան ես սովորում, ու միտքդ սկսում է ուրիշ կողմով զարգանալ։

Չէի կարողանում աշխատանք գտնել, որովհետև կամ ասում էին՝ փորձ չունես, կամ գործիքներ չունես, ու ինձ նման, հասկացա, որ շատ արցախցիներ կան, որ սովորել են պատերազմի ընթացքում ու չեն կարողանում աշխատել զուտ գործիք չունենալու պատճառով, դրա համար որոշեցի, որ լավ կլինի ունենալ գեղեցկության սրահ, բայց այն ժամանակ չէի մտածում, որ ես կունենամ, այլ մտածում էի՝ ինչ-որ մեկը ունենա այդ սրահը, որտեղ հնարավորություն կտա աշխատեն արցախցիները», - «Ազատությանը» պատմում է Շուշիից տեղահանված Արփի Գասպարյանը։

Իր ու աշխատանք փնտրող մյուս արցախցիների համար դիմել էր դրամաշնորհի ու հաղթել, հետո էլ առանց երկմտելու որոշել՝ սեփական բիզնեսն է հիմնելու. «Որոշեցի, որ վերջ, ես ոչ թե կգնամ, իմ գործիքները կառնեմ ու միայն կոսմետոլոգիայով կզբաղվեմ, այլ կունենամ գեղեցկության սրահ, որովհետև ամեն անգամ, երբ որ մարդիկ կգան, կնստեն, ու իրենց զանգ կա, կասեն՝ որտե՞ղ եք, իրենք կասեն՝ Շուշիում, ու կամաց-կամաց այդ միտքը կիրականանա։ Ես վստահ եմ, որ կիրականանա, ու մենք մի օր արդեն Շուշիում զանգը կստանանք ու կասենք Շուշիում»։

Հիմա արդեն գեղեցկության սրահ ունի՝ «Շուշին», բացման համար պատահական չէր մայիսի 9-ը ընտրել։ Պատերազմի կորուստներից հետո 35-ամյա Արփին խորհրդանշական այս օրը փորձում է վերաիմաստավորել իր ու շրջապատի համար։ Չի ցանկանում, որ եռատոնը տխրության օրվա վերածվի։

«Տոնը վերաիմաստավորվել է ինձ համար, ու հասկանում եմ, որ մենք նորից պետք է ունենանք մայիսի 9՝ չմոռանալով մեր մայիսի 9-ը՝ նոր մայիսի 9-ը պետք է ունենանք, ու այդ մայիսի 9-երը պետք է լինեն շարունակական, այսինքն՝ հաղթանակները մեր պետք է լինեն շարունակական ու թեկուզ փոքրիկ-փոքրիկ քայլերով մի օր տեսնելու ենք, որ մենք ունենք շատ ավելի մեծ ու հզոր հայրենիք», - նշում է նա։

Հավատում է՝ փոքր քայլերով, աշխատանքով շատ բան է հնարավոր փոխել՝ մարդկանց մտածելակերպը, երկիրը։ Երիտասարդ կինը նաև իր օրինակով է ուզում ցույց տալ, որ ճգնաժամը ոչ թե ընկրկելու, այլ պայքարելու առիթ պետք է դառնա. «Եթե մենք նստենք ձեռքներս ծալած, հաստատ ոչ մի բանի չենք հասնելու, ու հաստատ վհատությունն այս կյանքում ամենավատ բանն է։ Ես բոլորին շատ լավ եմ հասկանում, մանավանդ այն ընտանիքները, որոնք ունեցել են մարդկային կորուստներ, իրենց համար շատ դժվար է, բայց հենց իրենց, հենց մենք պետք է ավելի ուժեղ լինենք, որովհետև եթե մենք վհատության գիրկն ընկանք, ուրեմն մենք կապացուցենք, որ մեր տղերքն իզուր են զոհվել»։

Արփին ասում է՝ Շուշին էլ 30 տարի առաջ հեշտ չազատագրվեց։ Դրանից հետո քաղաքում առաջին բնակիչներից էին. Աբովյանից էին ընտանիքով տեղափոխվել՝ քաղաքը կենդանացնելու ցանկությամբ։ Նա հիմա էլ վստահ է, որ մի օր կվերադառնա։ Սրահում այսօր շատերն էին վերադարձից խոսում, ամենաշատը հենց այդ բարեմաղթանքն էր հնչում։


XS
SM
MD
LG