Շուշիից փրկված գորգերի բացառիկ հավաքածուն գնահատվել է շուրջ 750 հազար դոլար, սակայն Արցախի կառավարությունն այժմ այդքան գումար չունի հավաքածուն գնելու համար։
«Մենք այստեղ վերքեր ենք լիզում», - Արցախի այլ կենսական խնդիրների մասին է հիշեցնում Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը: - «Արցախի բարձրագույն իշխանությունները կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել գորգերը պահելու, ցուցադրելու, պահպանելու համար, բայց հավաքածուի համար մեր պետական բյուջեն ի վիճակի չէ»։
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը Վարդան Ասծատրյանն է, գորգերը նրա սեփականությունն են։ Շուշիի թանգարանների ողջ ժառանգությունը մնաց քաղաքում ու դարձավ ադրբեջանցիներինը։ Փրկվեցին միայն այս գորգերը, որ հիմա Հայաստանում են ու մեկ տարուց ավելի է մշտական ցուցադրության հասցե չունեն։
Արցախի կառավարությունը հետ է հրավիրում, բայց սեփականատերը համաձայն չէ. - «Ես ոչ մի ուրիշ կարգավիճակում, պետականից բացի, որը ենթադրում է պետական սեփականություն, ես համաձայն չեմ այդ թանգարանը գնա Արցախ»։
Վարդան Ասծատրյանն ասում է, որ գորգերը Արցախ կտանի միայն մի դեպքում՝ եթե պետությունն այդ հավաքածուն ձեռք բերի ու այն գործի որպես պետական թանգարան։ Արցախից առաջարկում են պետական կարգավիճակ կտան թանգարանին, թող Ասծատրյանն իր սեփականության իրավունքը պահպանի, հիմա գորգերը գնելու փող չունեն։
«Անհեթեթ է», -ասում է Ասծատրյանը։ - «Ես իրավաբանական լեզվով եմ խոսում, ոչ թե խոսքերի հավաքածու է։ Պետական կարգավիճակը նշանակում է պետական սեփականություն»։
«Գուցե մի տարի էլ հավաքածուն խնդրենք Հայաստանի իշխանություններին պահեն ու պահպանեն, հետո՞ սկսվի այդ վճարման գրաֆիկը», - առաջարկում է Ղարախանյանը։
Լուսինե Ղարախանյանը մինչև այս ամսվա սկիզբը Արցախի մշակույթի նախարարն էր ու Շուշիի գորգերի ճակատագրով ինքն էր զբաղվում ու բանակցում։ Այժմ նրան նախարարի պաշտոնում Անահիտ Հակոբյանն է փոխարինում։ Օրեր առաջ նախարարությունը մի հայտարարություն տարածեց, որի տողատակերում թանգարանի տնօրենը մեղադրվում է հավաքածուի գնման հարցում ճնշումներ գործադրելու համար։ Գրում են նաև, որ Ասծատրյանը մեկ միլիոն դոլարով գնելու առաջարկ էր արել։ Հայտարարության մեջ դարձյալ շեշտում են՝ պատրաստ ենք Ստեփանակերտում շենք տրամադրել, հոգալ մշակութային հազվագյուտ արժեքների պահպանման ծախսերը։
Այս պահին միայն դա, ասում է Մշակույթի նոր նախարարը. - «Այս պահին, որ բերի, տարածքը կտրամադրվի, գորգերը կցուցադրվեն։ Բայց դա մնում է որպես պարոն Ասծատրյանի սեփականությունը»։
«Եթե նոր նախարար է եկել, պիտի հետս քննարկի էդ հարցը, նոր... չի քննարկվել», - պատասխանում է Ասծատրյանը։
Նախարարության հայտարարության տոնը Ասծատրյանին զարմացրել է։ Նա պնդում է, որ ոչինչ չի սակարկել, փորձագետները գնահատել են, հավաքածուի համար գին որոշել, ինքը համաձայն է։ Նրա խոսքով, Արցախի կարգավիճակի անորոշությունն է պատճառը, որ չի ցանկանում գորգերը Արցախ տանել որպես մասնավոր հավաքածու։ Այլ հարց է, եթե իրեն առաջարկեն պայմանագիր՝ վճարման հստակ ժամանակացույցով, բայց առաջարկում են պայմանագիր առանց ժամանակացույցի։
Վարդան Ասծատրյանն այժմ բանակցում է Հայաստանի մշակութային գերատեսչության պատասխանատուների հետ։ Այս դեպքում ոչ թե հավաքածուի վաճառքի հարցն է օրակարգում, այլ միայն ցուցադրության. - «Հայաստանի պարագայում ինքը կարա մնա մասնավորի կարգավիճակում, քանի որ սա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է, իսկ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է»։
«Տարիներ առաջ թանգարանը Շուշիում հիմնադրելիս մտածում էի, որ հայ ժողովրդի պատմամաշակութային ժառանգությունը պիտի պետական թանգարանում ցուցադրվի, ոչ թե այն մնա մասնավոր հավաքածու», - շեշտում է Ասծատրյանը։
Արցախում հույս ունեն, որ դեռ հնարավոր է համերաշխության եզրեր գտնել՝ առայժմ առանց փողի։ «Պատրաստվում եմ նրա հետ հանդիպել և քննարկել հարցերը», - ասում է նախարար Հակոբյանը։
Այս պատերազմից հետո արցախյան մշակութային գանձերից շատ մեծ ընտրանի Ադրբեջանին մնաց։ Որոշ մասունքներ փրկվեցին ու այժմ Հայաստանում են։
«Առանց մեր արժեքների մենք ոնց որ մերկ լինենք», - ասում է Լուսինե Ղարախանյանը։ Նա մտածում է, թե գուցե համահայկական մի դրամահավաք նախաձեռնեն, որ այդ փողով գորգերը վերադառնան տուն։