Մերձդնեստրի իշխանությունները հաղորդում են ինքնահռչակ հանրապետության տարածքին անօդաչու թռչող սարքերից հասցված նոր հարվածների մասին։ Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունն այսօր իր Տելեգրամ ալիքում հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։
«Մայիսի 6-ին՝ 21:40-ի սահմաններում, Ռիբնիցայի շրջանի Վորոնկովո գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածք, ենթադրաբար դրոնից, երկու պայթուցիկ սարք է նետվել։ Մեկ ժամ անց հարձակումը կրկնվել է», - հաղորդել է գերատեսչությունը՝ դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով և հիշեցնելով, որ նույն շրջանում նմանատիպ հարձակում տեղի էր ունեցել նաև մայիսի 5-ին։
Ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տեղեկություններով՝ հարձակումների հետևանքով տուժածներ չկան։ Տեղական իշխանությունները չեն հաղորդում նաև, թե ով կարող էր կանգնած լինել պայթյունների հետևում։