Մատչելիության հղումներ

30 տարվա անդորրից հետո Մերձդնեստրում իրադրությունը կրկին սրվել է


Մերձդնեստրում իրադրության սրման ֆոնին Մոլդովայի նախագահը կոչ է անում երկրի բոլոր քաղաքացիներին չտրվել սադրանքների և պահպանել հանգստությունը, իսկ ուժային կառույցներին հրահանգում է անցնել ուժեղացված ծառայության։ Մայա Սանդուն այս մասին հայտարարեց Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհրդի ավելի քան երկու ժամ շարունակված դռնփակ նիստի ավարտին։

«Պայթյունները տեղի են ունեցել Մոլդովայի սահմանադրական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, տարածքներ, որոնք գտնվում են Տիրապսոլի վարչակազմի ենթակայության տակ։ Իրավաբանորեն, սակայն, դրանք ևս Մոլդովայի Հանրապետության տարածքներ են հանդիսանում, իսկ այնտեղ ապրող մարդիկ Մոլդովայի քաղաքացիներ են համարվում։ Ուստի մենք ցանկանում ենք, որպեսզի Դնեստրի ափերին պահպանվեն խաղաղությունն ու անդորրը», - հայտարարել է Սանդուն՝ պնդելով, որ Մերձդնեստրում նախօրեին և այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպերը՝ «այս տարածաշրջանում գործող տարբեր խմբավորումների ներքին հակասությունների հետևանք են»։

Իրադրությունն ինքնահռչակ հանրապետության տարածքում սրվեց երկուշաբթի երեկոյան, երբ անհայտ անձինք նռնականետերից կրակ բացեցին Մերձդնեստրի Պետանվտանգության նախարարության շենքի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գնդակոծության հետևանքով տուժածներ չկան, շենքում բռնկված հրդեհն էլ արագորեն մարվել էր։

Այսօր վաղ առավոտյան Մերձդնեստրի տարածքում ևս երկու միջադեպ արձանագրվեց։ Գրեթե միաժամանակ պայթեցվեցին Մայակ գյուղի մերձակայքում գտնվող ալեհավաքները, որոնց միջոցով վերահեռարձակվում էին ռուսաստանյան ռադիոկայանների հաղորդումները, ինչպես նաև պայթյուններ հնչեցին Պարկան բնակավայրի հարևանությամբ գտնվող զորամասի տարածքում։ Այս միջադեպերից անմիջապես հետո Մերձդնեստրի Անվտանգության խորհուրդը շտապ կարգով ահաբեկչական սպառնալիքի մակարդակը տարածաշրջանում բարձրացրեց առավելագույն՝ կարմիր մակարդակի։

«Նման սադրանքը օբյեկտիվորեն ուղղված է մի կողմից իրադրության ապակայունացմանը և Մերձդնեստրի բնակչության շրջանում նյարդային տրամադրությունների տարածմանը։ Երկրորդ պահը, որ պակաս կարևոր չէ, սա Դնեստրի երկայնքով իրականացվող հաջող խաղաղապահ գործողության տապալման փորձ է։ Խաղաղապահ զորքերի տեղակայումից հետո անցած երեսուն տարիներ ընթացքում որևէ մեկը նման բնույթի գործողություններ չէր ծրագրել և չէր իրականացրել», - հայտարարում է ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի անդամ Անդրեյ Սաֆոնովը։

Մերձդնեստրի տարածքում տեղակայված է Ռուսաստանի Զինված ուժերի 1500 հոգանոց օպերատիվ խմբավորումը, որի գլխավոր առաքելությունը սառեցված հակամարտության գոտում կայունության պահպանումն, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մնացած խոշոր զինապահեստների հանդեպ հսկողության իրականացումը։

Ուկրաինայում երկրորդ ամիսը շարունակվող լայնածավալ պատերազմի ֆոնին Մերձդնեստրի մասին պարբերաբար հիշում են թե՛ Մոսկվայում և թե՛ Կիևում։ Ապրիլի 11-ին Ուկրաինայի Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորքերը կարող են սադրանքների դիմել՝ հետագայում դրանցում մեղադրելով պաշտոնական Կիևին։ Անցած շաբաթավերջին էլ Ռուսաստանի Զինված ուժերի Կենտրոնական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը հայտարարեց, թե Հարավային Ուկրաինայի գրավումը «ևս մեկ ելք կապահովի դեպի Մերձդնեստր, որտեղ ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվում»։

«Այնտեղից այնպիսի նորություններ են ստացվում, որոնք չեն կարող չմտահոգել». Պեսկով

Չնայած Մերձդնեստրից ստացվող մտահոգիչ տեղեկություններին՝ Կրեմլում առայժմ մտադիր չեն ուղղակի կապ հաստատել Մոլդովայի իշխանությունների՝ մասնավորաբար նախագահ Սանդույի հետ։ Այսօր կեսօրին, լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք թե ինչպես են այնտեղ զարգանում իրադարձությունները։ Անկասկած այնտեղից այնպիսի նորություններ են ստացվում, որոնք չեն կարող չմտահոգել», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուսաստանի արտգործնախարարությունում ակնարկում են, որ Մերձդնեստրում ծավալված վերջին իրադարձությունները կարող են առնչություն ունենալ ուկրաինական պատերազմի հետ։

«Ըստ ամենայնի, այս իրադարձությունների հետևում կանգնած են այն ուժերը, որոնք ցանկանում են լարվածության նոր օջախ ստեղծել», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այսօր նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հատուկ հիշեցնելով, որ երկու ամիս շարունակվող պատերազմի ընթացքում թե՛ Մոլդովան և թե՛ Մերձդնեստրը չեզոքություն են պահպանում։

Հարցին էլ թե ի՞նչ կլինի, եթե Մերձդնեստրն, այնուամենայնիվ, ներքաշվի ուկրաինական հակամարտության մեջ՝ Ռուդենկոն պատասխանել է. - «Մենք կգերադասեինք խուսափել նման սցենարից»։

Բուն Մերձդնեստրի իշխանությունները, սակայն, վստահ են՝ հարձակումների թիկունքում կանգնած է Կիևը, իսկ նպատակը՝ ուկրաինական պատերազմի աշխարհագրության ընդլայնումն է։

«Ենթադրում եմ, որ այս հարձակումների հեղինակների նպատակը Մերձդնեստրը հակամարտության մեջ ներքաշելն է։ Բայց վստահորեն կարող եմ ասել, որ դա նրանց չի հաջողվի։ Մերձդնեստրը կկարողանա պաշտպանել իրեն», - այսօր տարածած հայտարարության մեջ նշել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին։

XS
SM
MD
LG