Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մայիսի 2-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները իրենց դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակել են Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։
«Անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չկան: Ներկայումս այս ուղղությամբ իրավիճակը կայուն է, օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ է», - ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ռազմական գերատեչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը՝ շեշտելով, այն չի համապատասխանում իրականությանը։
«Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։