Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի տարածքից գնդակոծության մասին։
«Մայիսի 1-ին, ժամը 13:40-ից 17:45-ը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները պետական սահմանին տեղակայված Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից կրակ են բացել Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։ «Անձնակազմի և տեխնիկայի կորուստներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև հաղորդվում է, որ ներկայումս այս ուղղությամբ իրադրությունը կայուն է։
Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։